ԼՂՀ քաղաքական պատմության մեջ 2007 թվականը նշանավորվեց սահմանադրական իշխանափոխությամբ, երբ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ երրորդ ժամկետով չի առաջադրվի: Ժողովրդավարական-քաղաքակիրթ այդ որոշումը, սակայն, կարճ ժամանակ անց կորցրեց ներքին եւ, մանավանդ, արտաքին քաղաքական կարեւորությունը, երբ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես եկավ նախագահի միասնական թեկնածու առաջադրելու նախաձեռնությամբ, որին անմիջապես միացավ ընդամենը երկու տարի առաջ ձեւավորված «Ազատ հայրենիք» կուսակցությունը:
Ազգային ժողովում ամենամեծ խմբակցություն ունեցող «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» կարճատեւ երկընտրանքից հետո հրաժարվեց ԼՂՀ նախագահի սեփական թեկնածու առաջադրելու մտադրությունից: Նախագահի միասնական թեկնածու առաջադրվեց Բակո Սահակյանը: Մինչ այդ նա պաշտոնավարել էր որպես ՆԳ նախարար, իսկ այդ պահին գլխավորում էր Ազգային անվտանգության ծառայությունը:
Նախագահի թեկնածու առաջադրվեց նաեւ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, որի օգտին քվեարկեց ընտրության մասնակիցների ավելի քան 14 տոկոսը: Նոր իշխանությունը Մայիլյանի, նրա հարազատների եւ եռանդուն աջակիցների նկատմամբ չափազանց անհանդուրժողական գտնվեց. նա հեռացվեց ԱԳՆ-ից, իսկ երկու եղբայրները՝ ՆԳՆ-ից եւ ԱԱԾ-ից:
Ամենածանր հարվածը, սակայն, ստացավ Ազգային ժողովը, որի 33 պատգամավորից 32-ը գործադիր իշխանության քաղաքական հենարան դարձավ: Խորհրդարանի միակ ոչ իշխանական պատգամավոր մնաց Գեղամ Բաղդասարյանը՝ հեռանալով ՀՅԴ խմբակցությունից:
Տարեվերջին նոր կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց 2008 թվականի պետական բյուջեի նախագիծը, որ «Ազատ հայրենիք» կուսակցության եւ ՀՅԴ-ի ամբոխահաճո խոստումների հիման վրա կազմված փաստաթուղթ էր եւ ավելի շատ սոցապնախարարության գործունեության ծրագիր էր հիշեցնում: Բյուջեի նախագծի քննարկումը սահմանվում է հատուկ ընթացակարգով: Ամենավերջում ԱԺ խմբակցությունները պետք է քաղաքական գնահատական տան:
«Արցախի ժողովրդավարական կուսակցության» խմբակցության եզրակացությունը կառավարության ուշադրությունն էր հրավիրում բյուջեի սոցիալական եւ տնտեսական զարգացման ուղղությամբ հատկացումների անհամաչափության վրա՝ հորդորելով առաջնահերթ տեսնել տնտեսական ինքնաբավության հասնելու, հանրության միջին խավի ձեւավորման հեռանկարը:
Քվեարկությունը, իհարկե, անցավ հարթ, բյուջեն ընդունվեց:
Ազգային ժողովի համար սկսվեց ձմեռային արձակուրդը:
Ամանորյա տոներից հետո ԱԺ հերթապահ մասից զանգեցին եւ ասացին, որ իմ անունով մի քանի ծրար է ստացվել: Մտածեցի՝ շնորհավորական բացիկներ են: Երկրորդ զանգը ստացա արդեն նախագահի աշխատակազմից, թե ինչու չեմ բարեհաճում ծանոթանալ ԱԺԿ խմբակցության անդամների դիմումներին: Հիմա ստույգ չեմ հիշում, բայց, կարծեմ, հինգ ծրար էր, նույն համակարգչային տեքստը: Պատգամավորներն ինձ՝ որպես խմբակցության ղեկավարի, հայտնում էին, որ համաձայն չեն բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺԿ տեսակետին, որտեղ նախագահի նախընտրական ծրագիրը եւ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հանիրավի քննադատության են ենթարկված, ուստի հեռանում են խմբակցությունից:
Զանգեցի դիմումատուներից մեկին, պարզ ասաց, որ կանչել են, ասել, որ պետք է խմբակցությունից հեռանա, տեքստը դրել են սեղանին, ինքն էլ ստորագրել է: Այդպես ԱԺԿ խմբակցությունը, որ պատգամավորների թվաքանակով ամենամեծն էր, վերածվեց քաղաքական երկրորդ ուժի, բայց կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը մնաց Ազգային ժողովի նախագահ, խմբակցության ղեկավարի պարտականությունն էլ անցավ Ժաննա Գալստյանին: Մինչ այդ նա հինգ տարի խմբակցության ղեկավար էր եղել:
Այսպիսով՝ 2007-2008 թվականներին Ստեփանակերտում ձեւավորվեց «անխախտ միասնականության» մթնոլորտ, որեւէ այլընտրանք, վերաբերվեր դա ներքին, թե հատկապես արտաքին քաղաքականությանը, ԼՂ կարգավորմանը, մերժվեց, ինչ-որ տեղ նաեւ հետապնդվեց ու հալածվեց, եւ քաղաքական կյանքը դադարեց՝ տեղը զիջելով «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության» քարոզչությանը:
Ապոկալիպսիսից հետո, անշուշտ, բոլորիս, ով այդ ժամանակ քաղաքականությամբ է զբաղվել կամ համարել, որ զբաղվում է, պետք է պատեհապաշտ անվանել եւ գամել անարգանքի սյունին: Բայց մյուս կողմից էլ պետք է հարգել նրանց, որ այդ տարիներին Ստեփանակերտում են անաթեմիայի ենթարկվել, դուրս մղվել կամ կամավոր հեռացել, երբ համոզվել են, որ «միասնությունը եւ մեծամասնությունը միշտ ճիշտ են» կարծրատիպի դեմ խաղ չկա:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։