Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախօրեին հնչեցրած այն հայտարարությունը, որ Թբիլիսին պատրաստվում է մինչեւ 2028 թվականը օրակարգ չբերելու Եվրամիության հետ բանակցությունների հարցը, մայրաքաղաք Թբիլիսիում, Քութաիսում, Զուգդիդիում եւ Բաթումում հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաների։
Թբիլիսիում ցուցարարները հիմնականում հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Ոստիկանության հետ առաջին բախումները սկսվեցին նոյեմբերի 28-ի երեկոյան՝ խորհրդարանի շենքի հարակից Ճիճինաձեի փողոցում։
Ավելի ուշ ոստիկանության ուժերը մոբիլիզացնելուն զուգահեռ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հանրահավաքի մասնակիցներին հորդորելով «բողոքի դուրս գալ օրենքի սահմաններում», հակառակ դեպքում «ապօրինի գործողությանը» կհետեւի համապատասխան իրավական արձագանքը:
Նույմբերի 29-ի գիշերը՝ 02։00-ի սահմաններում, ոստիկանությունը սկսեց ցուցարարների նկատմամբ գործի դնել ջրցան մեքնենա։ Ավելի ուշ հաղորդվեցին նաեւ ռետինե փամփուշտների եւ արցունքաբեր գազի կիրառման մասին։ Նաեւ նշվում է, որ ցուցարարները բախումների ընթացքում բարիկադներ են կառուցել եւ հրկիզել աղբամանները։
Առավոտյան 08:00-ի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում երթեւեկությունը վեականգնված է:
Ընդդիմությունը կրկին հայտարարել է այսօր երեկոյան բողոքի գործողությունները շարունակելու մասին:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ցույցերի ընթացքում 43 մարդ է բերման ենթարկվել։ Նրանք մեղադրվում են ոստիկանների պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։ Նախաքննություն է տարվում նաև պետական պաշտոնյային դիմադրություն ցույց տալու և գույքը վնասելու մեղադրանքով։