Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվեց ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Կես տարի անց, երբ Օսմանյան կայսրությունն իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում եւ սկսեց զորքերը հետ քաշել մի շարք շրջաններից, այդ թվում՝ հայկական գրավյալ հողերից, Հայաստանը ընդարձակվեց:
Եթե 1918 թվականի ամռանը վարչապետ Հովհաննես Քաջազնունու կոալիցիոն կառավարությունը (ՀՅԴ եւ Հայ ժողովրդական կուսակցություն) չափազանց զգույշ էր Օսմանյան կայսրության հարցում, իսկ Ավետիս Ահարոնյանը Պոլսում սուլթանին շնորհակալություն էր հայտնում Հայաստանի Հանրապետության հիմնադրության գործում թուրքական բարեհաճության համար, ապա արդեն 1919 թվականի մայիսի 28-ին վարչապետ Խատիսյան միակուսակցական կառավարությունը ընդունում էր Միացյալ Հայաստանի ակտը:
Նույն տարվա աշնանը Երեւանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում «Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստան» կարգախոսը կուսակցությունն ընդունեց որպես բանաձեւ, իսկ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագիրը՝ դիվանագիտական հաղթանակ ու ապագա Հայաստանի սահմանների գծման անփոխարինելի ուղենիշ:
Ամիսներ անց՝ 1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշեւիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ իրականացնում էին Հայաստանը խորհրդայնացնելու ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վերջին կառավարությունը՝ վարչապետ Սիմոն Վրացյան, հրաժարվեց Սեւրից:
Ահա այդ տեքստը. «Նկատի առնելով, որ Սեւրի դաշնագրով խախտվել են Թուրքիայի կենսական շահերը, որ նրա Ազգային մեծ ժողովի կառավարությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ հայտարարում է Հայաստանի տնտեսական զարգացման իրական երաշխքիներ տալու պատրաստակամություն՝ ցանկանալով երկու պետությունների փոխհարաբերություններում սկսել նոր դարաշրջան եւ երկարատեւ դաշնագրով բարեկամական հարաբերություններ հաստատել, իր կառավարության անունից, պատասխանելով Թուրքիայի գրավոր առաջարկին, հայտարարում է, որ հրաժարվում է Սեւրի դաշնագրից»:
ՀՅԴ հաջորդ՝ 10-րդ Ընդհանուր ժողովում, որը կայացավ 1924 թվականի նոյեմբերի 17-ից մինչեւ 1925-ի հունվարի 17-ը Փարիզում, Սեւրի դաշնագիրը հաստատվեց իբրեւ ծրագրային դրույթ-պահանջ:
1977 թվականին վավերացված ՀՅԴ հաջորդ ծրագիրը պահանջների բաժնում սկսեց հստակ նշել Սեւրի համաձայնագիրը. «Հայաստանը պետք է լինի ընկերվարական-ժողովրդավար անկախ հանրապետություն, որի սահմանների մեջ պետք է մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայապատկան հողերը»:
Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի պահանջը ՀՅԴ ծրագրում ավելացվեց 1982-ին։
1998-ին ընդունված ՀՅԴ ծրագիրը պահանջում է «Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում: Միացյալ Հայաստանի սահմաններում պետք է մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաեւ Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի երկրամասերը»:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։