Գյումրիում առաջին ձյան գալը իսկական փորձություն դարձավ: Լուսանկարները ժամեր առաջ են արված քաղաքի կենտրոնական շուկային հարակից փողոցներից:
Թեև Գյումրու կոմունալ ծառայությունից վստահեցնում են, որ լավ պատրաստվել են ձմռան հարուցած անհարմարարություններին դիմակայելու համար, բայց դրա արդյունքը տեսանելի չէ գյումրեցու համար. սառցակալած փողոցները, ձյունածածկ մայթերը հակառակն են ապացուցում: Բազմաթիվ վթարներն էլ ձյունից չմաքրված փողոցների պատճառով են: Ամենաթարմ օրինակը Գարեգին Նժդեհ 10՝ կենտրոնական փողոցում տեղի ունեցած վթարն էր, երբ ուղևորափոխադրող միկրոավտոբուսը, մերկասառույցի և ձյան պատճառով կորցնելով կառավարումը, բախվել էր ծառին, 5 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Գյումրու բժշկական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու օրում սառցակալման պատճառով սայթաքած՝ վնասվածքներ ստացած և բուժօգնության դիմած 11 քաղաքացի են ընդունել, իսկ թե քանիսն էլ վնասվել, բուժօգնության չեն դիմել, հայտնի չէ:
Բացի այդ՝ քաղաքում շինթույլտվություն չստանալու պատճառով բազմաթիվ շինարարական աշխատանքներ են հետաձգվել՝ անորոշ ժամանակով, ինչը ենթադրում է նաև աշխատատեղերի կրճատում: Չեն հաստատվում եկող տարվա սուբվենցիոն ծրագրերը, ինչը խոսում է այն մասին, որ 2025 թվականին հանրապետության երկրորդ քաղաքում սուբվենցիա չի լինի:
Քաղաքում մեծ խնդիր է համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատողների աշխատավարձերի ժամանակին վճարման հարցը: Նախորդ ամիս մի կերպ աշխատավարձ ստացած քաղաքացիներն ամսվա ավարտին կրկին անորոշության մեջ են, թե երբ են ստանալու իրենց հասանելիքը:
Ամանորի նախաշեմին անղեկավար մնացած քաղաքում չեն իրականացվի նաև տարեմուտի միջոցառումներ, անապահով եւ տարբեր կազմակերպությունների երեխաներն էլ կմնան առանց նվերների:
Մի խոսքով, ինչպես գյումրեցիներն են ասում, «քաղաքը ոտք առել, գնում է»:
Այս ամենից հետո Գյումրիում քաղաքի անգլուխ մնալու թնջուկը հարթվելու փոխարեն ավելի է խճճվում: Կոլապսի ենթարկված քաղաքը, որտեղ առանց այդ էլ խնդրի պակաս չկա, անելանելի դրության մեջ է հայտնվել:
Հիմա էլ կառավարիչ ունենալու համար քաղաքը փորձարկումների հարթակի է վերածվել: Դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում տեղի են ունենալու նախնական ընտրություններ, եւ հայտնի կդառնա, թե ՔՊ-ից կամ կուսակցության համակիրներից ով կդառնա քաղաքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց իր միջամտության: Օրենսդրական փոփոխություններ են անելու, ինչի արդյունքում քաղաքում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու: Կուսակցության վարչությունում քննարկել եւ եզրակացրել են, որ միանձնյա վարչական որոշմամբ նշանակում չեն իրականացնելու, եւ այդ նպատակով է նախնական ընտրություն անցկացնելու որոշում կայացվել:
«Մենք կխնդրենք, որ ՔՊ կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափորոշիչներով կգրանցեն: Այնուհետեւ Գյումրու բնակիչների որոշակի շրջանակում, նաեւ պատահականության սկզբունքով, կանցկացվի քվեարկություն, եւ դրա արդյունքներով հաղթողը կնշանակվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, ով մեծ հավանականությամբ կլինի քաղաքապետի թեկնածու առաջիկա ընտրություններում»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունների հրաժարականից հետո ՔՊ-ից բաց հայտարարել էին, որ իրենց թեկնածուն ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: Սակայն թեկնածու փոխելու կարիք առաջացավ: Պատճառը հայտնի սկանդալն էր, ըստ որի՝ Սարուխանյանը թմրանյութ օգտագործելու լուրերը հաստատել կամ հերքելու համար թեստ էր հանձնել, եւ 20 կետից մեկը դրական եզրակացությամբ էր եկել:
Առաջադրվելու կամ ինքնառաջադրվելու վարչապետի առաջարկին արդեն պատասխանողներ կան: Գյումրու նախկին փոխքաղաքապետ, վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը, հաստատել է, որ ինքը մասնակցելու է նախնական ընտրություններին:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցի համաձայն՝ Գյումրուց ընտրված մեկ այլ պատգամավոր՝ Դավիթ Առուշանյանը՝ կրկին նախկին փոխքաղաքապետ, նույնպես առաջադրվելու է:
Իսկ Կարեն Սարուխանյանի առաջադրվել-չառաջադրվելու մասին դեռեւս հստակ տեղեկություն չկա: Նա հայտնել է, որ չի որոշել, քանի դեռ չգիտի՝ ինչ եղանակով, ինչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` փորձնական ընտրությունը:
«Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաեւ ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային»,- ասել է Կարեն Սարուխանյանը։
Շրջանառվում է նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի անունը, որը հայտնի է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությամբ: Նրա կողմից, սակայն, մինչ այս պահը հերքում կամ հաստատում չի հնչել:
Թե ինչ զարգացում կունենա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու գործընթացը, հայտնի չէ, միայն տեսանելի է, որ կոլապսի ենթարկված Գյումրիում օր-օրի ավելի են շատանում խնդիրները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։