Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք որոշ աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյմեբրի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվել է հասնել Հալեպի մատույցներին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ խմբավորումներին (որոնց անունները չի նշվում) հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ավելի քան 50 բնակավայր եւ գրավել մոտավորապես 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ եւ Իդլիբ նահանգներում։ Ուրբաթ վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել նաեւ Ալ-Նայրաբ ռազմական օդանավակայանը։
Al-Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնում է, որ սիրիական բանակը Հալեպում եւ Իդլիբում հակահարձակման է անցել Սիրիայում «Ալ-Քաիդայի» նախկին ենթաճյուղ համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման դիրքերի ուղղությամբ եւ ազատագրել Ալ-Բակում քաղաքը։
Հաղորդվում է, որ հարձակվող ապստամբական ուժերի շարասյուներին եւ հենակետերին զանգվածային օդային հարվածներ են հասցնում Սիրիայում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու սիրիական ավիացիան։
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը հայտարարել է, որ «Սիրիայի արաբական բանակը համառ մարտեր է մղում ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ։ Վերջին 24 ժամվա ընթացքում հարձակվող ահաբեկչական կազմակերպությունները տեխնիկայի եւ անձնակազմի զգալի կորուստներ են կրել»։ Նրա խոսքերով՝ հարձակվող կողմի սպանվածների թիվը հասնում է 400-ի։
Ընդգծենք, որ Հալեպը դարձել է Սիրիայի կառավարական զորքերի եւ զինված ընդդիմադիր խմբավորումների առճակատման կենտրոնը դեռ 2011 թվականի սկզբից, երբ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմը։ Ավելի ուշ հակամարտությանը միացան նաեւ այլ կողմեր. Ռուսաստանը, Իրանը եւ լիբանանյան «Հեզբոլլահը» աջակցում են սիրիական կառավարական ուժերին, իսկ Թուրքիան՝ ընդդիմադիր խմբավորումներին, որոնք 2015-2020 թվականների ծանր մարտերից հետո այժմ վերահսկողություն են պահում միայն Իդլիբ նահանգի եւ երկրի հյուսիսարեւմտյան շրջանների որոշ հատվածների վրա։ 2017-2020 թվականներին տեղի ունեցած երկարատեւ բանակցային գործընթացներից հետո Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան կարողացան Սիրիայում այնուամենայնիվ հրադադար հաստատել։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» անսպասելի հարձակումը Հալեպի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի ծրագրերի արդյունքն է։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բագայը նշել է, որ 2017 թվականին Աստանայում կայացած բանակցություններում Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հալեպն ընդգրկված է եղել դեէսկալացիայի գոտում։ Նա ընդգծել է, որ անսպասելի հարձակումը կոպտորեն խախտում է Աստանայի խաղաղ գործընթացի բոլոր սկզբունքները։