ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թվականի համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը:
Հաղորդվում է, որ Իտալիայի զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի եւ բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ եւ ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում իտալական կողմը մանրամասներ է ներկայացրել Իտալիայի ԶՈՒ միջոցառումների, ինժեներական զորքերի պատրաստության, մասնագետների ուսուցման, վարժանքների ու մարզումների անցկացման, ինչպես նաեւ խաղաղապահ առաքելությունների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ: