Մոսկվան փորձում է զգույշ վերաբերվել Հայաստան-Ռուսաստան դաշինքին։ Այդ մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվան հավատարիմ եղել եւ մնում է համաձայնագրերի ամբողջ շրջանակին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում ասոցիացիաների շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։ Մենք տարիներ շարունակ միասին ենք ձեւավորում Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետությունը։ Ինչպես տեսնում եք, Ռուսաստանի դերն այս հարցում միշտ էլ պահանջված է եղել եւ կլինի՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։ Մենք պատրաստ ենք այս ակտուալ թեմայի շուրջ Երեւանի հետ անկեղծ եւ առարկայական զրույցի»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը անկեղծորեն գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ։
«Մենք միշտ փորձում ենք շատ զգույշ վերաբերվել ռուս-հայկական դաշինքին։ Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, ընդհանուր պատմության, մշակույթների եւ արժեքային համակարգերի, ինչպես նաեւ բազմաթիվ նյութական հիմքերի եւ նախագծերի վրա»,- հայտարարել է Գալուզինը։
Հիշեցնենք՝ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Հայաստանը ագրեսիայի չէր ենթարկվել, իսկ Երեւանը Արցախը ոչ միայն չէր ճանաչել, այլ նաեւ «չէր ներառել իր շրջագծի մեջ»։ ՌԴ նախագահը նաեւ «տարօրինակ» որակեց բոլոր նման պնդումները, որ ՀԱՊԿ-ը պետք է միջամտեր Արցախյան հակամարտությանը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել ռազմական միջամտության համար։ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները լարվել են 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիք է ստեղծում։