Արցախի բռնազավթումից հետո շուրջ 120 հազար հայ տեղահանվեց։ Մի մասն արտագաղթել է, մյուս մասն ապրում է Հայաստանում, որտեղ սոցիալական խնդիրները շատ են, աշխատանք գտնելը՝ դժվար։
Արցախի պետական համալսարանում կրթություն ստացած Լիլիթ Գասպարյանը 2009-2023 թվականներին աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում։ Քանի որ փոքր երեխաներ ունի, փորձում է կես դրույքով աշխատանք գտնել։ Աշխատանքի տոնավաճառում ո՛ր ընկերությանը դիմել է, միայն ամբողջ դրույքով աշխատանք են առաջարկել։
«Մեր ընտանիքը չորս հոգուց է բաղկացած՝ ես, ամուսինս, ութամյա եւ տասնամյա զավակներս։ Ամուսինս շինարար է։ Բարեբախտաբար, գոնե նա կարողացավ աշխատանք գտնել։ Բնակարանների վարձերը բարձր են։ Ամսական 50 հազար դրամ սոցիալական աջակցություն է ստանում արցախցին։ Եթե դա էլ չստանան, ի՞նչ պիտի անեն մարդիկ։ Բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին էլ ի՞նչ ասեմ․ երեք միլիոն դրամով բնակարան չենք կարողանա գնել ախր»,- ասում է Լիլիթը։
Խոստովանում է՝ երբեմն հուսահատվում են․ դժվարությունները շատ են։ Արցախցի ծանոթ-բարեկամներից ոմանք արտերկիր են գնում՝ չկարողանալով այստեղ աշխատանք գտնել, բայց Լիլիթի ընտանիքը չի արտագաղթի։
«Սա մեր հայրենիքն է, ո՞ւր գնանք։ Առայժմ, դժվարություններին մի կերպ դիմակայելով, ապրում ենք այստեղ։ Տա Աստված, կարողանանք վերադառնալ Արցախ։ Մեր կյանքը, տները, հարազատների գերեզմանները թողել ենք այնտեղ։ Չենք կարող վերադառնալու մասին չմտածել»,- ասում է Լիլիթ Գասպարյանը։
Երկու մասնագիտություն ունեցող (ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, տնտեսագետ) Իլգա Սարգսյանը Ստեփանակերտում երկու տարի որպես մանկավարժ է աշխատել, 15 տարի՝ որպես քաղծառայող, բայց տեղահանվելուց հետո Հայաստանում չի կարողացել աշխատանք գտնել։
«Տեղահանվելուց հետո չորս ամիս արտերկրում եմ ապրել․ այնտեղ աշխատում էի։ Հայաստան եմ վերադարձել ու չեմ կարողանում գործ գտնել։ Մեր ընտանիքը չորս հոգուց է բաղկացած՝ ես, ամուսինս, սկեսուրս, մանկահասակ երեխաս։ Այժմ միայն ամուսինս է աշխատում։ Աշխատանքի տոնավաճառին ինքնակենսագրական տվյալներ եմ թողել։ Հույս ունեմ, որ շուտով կկարողանամ աշխատանք գտնել»,- մտահոգվում է Իլգան՝ հավելելով, որ գործազրկությունն արցախցիների ամենամեծ սոցիալական խնդիրներից է։
Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրին, որ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 9182 անձ։ Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել բռնի տեղահանված 4862 անձ (նրանցից 1680-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով):
Պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանում աշխատանքային պայմանագիր է կնքել 26 329 անձ, եւ ներկայում զբաղվածություն ունի 19 277-ը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովելու նպատակով նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցվում են ծառայություններ՝ խորհրդատվություն ՀՀ օրենսդրության, առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ, աշխատանքի տեղավորման միջնորդություն, աշխատանքի տեղավորում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկելու միջոցով»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում մանրամասնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։
2024 թվականին հաստատվել եւ իրականացվում է «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը, որով նախատեսվում է աջակցել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ եւ աշխատանքային փորձ՝ առկա թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով։
«Նաեւ միջազգային գործընկերների հետ ենք համագործակցում բռնի տեղահանված անձանց համար զբաղվածության համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ իրականացվում է «Ըստ արդյունքի վճարման ակտիվ զբաղվածության» փորձնական ծրագիրը, որով նախատեսվում են գործազուրկ անձանց վերապատրաստում եւ աշխատանքի տեղավորում եւ որպես թիրախային խումբ ներառված են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք»,- նշում է Զարուհի Մանուչարյանը։
Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրին, որ այժմ իրականացվում են «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» եւ «Ադրբեջանի կողմից 2016, 2020 եւ 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, նաեւ 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման եւ զբաղվածության ապահովում» ծրագրերը, որոնցում եւս ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։
Չնայած պետության իրականացրած վերոնշյալ ծրագրերին՝ անհերքելի է, որ բազմաթիվ արցախցիներ դեռեւս գործազուրկ են։ Աշխատանքի տոնավաճառներում միշտ կարելի է հանդիպել արցախցիների, որոնք աշխատանք գտնելու հույսով ինքնակենսագրական տվյալներ են լրացնում։
Անահիտ Ջավադյանը եւս Արցախից բռնի տեղահանված է։ Տեղահանվելուց, որոշ ժամանակ Հայաստանում ապրելուց հետո նրա ամուսինը մահացել է։
«Հիմա ամուսնուս քրոջ, որդուս ու դստերս հետ եմ ապրում։ Մեր հինգհոգանոց ընտանիքի հոգսը ծրագրավորող որդիս է հոգում։ Ամուսնուս քույրը հաշմանդամություն ունի, ըստ էության՝ ընտանիք չունի, բայց ուր էլ դիմեցինք, նրան միայնակ անձի կարգավիճակ չտվեցին․․․ Հույս ունեինք, որ գոնե այդ կերպ աջակցություն կստանար։ Աղջիկս Երեւանի պետական համալսարանում է սովորում։ Նա էլ ծրագրավորողի մասնագիտություն կստանա։ Կուզենայի ես էլ աշխատել, որ ամբողջ ընտանիքի հոգսը չմնա որդուս ուսերին»,- ասում է տիկին Անահիտը։
Նա պատմում է՝ Ստեփանակերտում մեծ տուն են ունեցել։ Կենդանիներ ու թռչուններ էին պահում, լավ եկամուտ ունեին։ Տիկին Անահիտը միշտ աշխատել է։ Ինչպես ինքն է ասում, սովոր չէ պարապ մնալուն։ Հայաստանում ֆրանսիական քոլեջի՝ արցախցիների համար անցկացվող անվճար խոհարարական դասընթացներին է մասնակցել. հաջողությամբ ավարտել է եւ լիահույս է, որ գոնե խոհարարի աշխատանք կգտնի։
«Այս տարիքիս նոր մասնագիտություն էլ եմ սովորել։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ Հույս ունեմ՝ կկարողանամ խոհարարի աշխատանք գտնել»,- լավատեսորեն զրույցը եզրափակում է տիկին Անահիտը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։