Վիկտորյա Պետրոսյանն իր պապի հետ 2022 թվականի հունիսի 12-ին Ուկրաինայից մեծ դժվարությամբ Հայաստան է տեղափոխվել։ Այստեղ գալու որոշումը նա քննարկել է ընտանիքի անդամների հետ։ Գիտեին՝ վտանգավոր է լինելու, բայց Վիկտորյան շատ էր ցանկանում հայրենիք գալ, Երեւանում աշխատել, ուստի պապիկի հետ ճանապարհ ընկավ։ Նրա մայրն ու եղբայրներն այժմ ապրում են Ուկրաինայում։
«Ես ու պապիկս Ժիրտոմիր քաղաքից (հեռավորությունը Կիեւից՝ 139,9 կիլոմետր) 13 ժամ ճանապարհ անցանք ավտոբուսով, մինչեւ հասանք Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա։ Ուկրաինայից Հայաստան տեղափոխվելու միակ օպտիմալ ճանապարհը դա էր։ Հետո Վարշավայից ինքնաթիռով Երեւան եկանք»,- պատմում է Վիկտորյան։ Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվելը բարդ էր ու վտանգավոր․ անկանխատեսելի էր, թե հաջորդ րոպեին ինչ կլինի, ոչ ոք չգիտեր՝ հաջորդ ռումբը որտեղ կընկներ։
«Ես բազմիցս կարդացել ու մտերիմներից լսել էի՝ մարդիկ ավտոմեքենաներով ճանապարհ են ընկել՝ ցանկանալով հեռանալ Ուկրաինայից, բայց ճանապարհին մահացել էին ռմբակոծության հետեւանքով․․․ Ճանապարհին վերհիշում էի այդ ամենն ու սարսափում, բայց նաեւ գիտեի՝ պետք է ուժեղ լինեմ, ինքս ինձ ասում էի՝ վախենալու ժամանակը չէ»,- պատմում է Վիկտորյան։
Որպես փախստական՝ նա Եվրոպա գնալու հնարավորություն է ունեցել։ Այնտեղ կարող էր ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, բարձր եկամուտով աշխատանք գտնել, բայց որոշել է Հայաստան գալ։ Վիկտորյան սովորել է Կիեւի Բորիս Գրինչենկոյի անվան համալսարանի իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի բակալավրի աստիճան, իսկ 2019-ին «Դեպի Հայք» ծրագրով եկել է հայրենիք, ընդունվել Հայ-ռուսական համալսարան եւ մագիստրոսական կրթություն ստացել։
Ապա վերադարձել է Ուկրաինա, բայց միշտ երազել է ապրել ու աշխատել հայրենիքում։ Հայաստանում հաստատվելուց հետո Վիկտորյան մի երազանք էլ է իրականություն դարձրել․ ՀՀ քաղաքացի է դարձել։
«Ինձ պայքարող եւ ուժեղ մարդ եմ համարում։ Համացանցի միջոցով աշխատանք էի գտել Երեւանում։ Հայրենիք հասնելուց հետո միանգամից աշխատանքի անցա։ Աշխատում եմ փաստաբանական գրասենյակում որպես փաստաբանի օգնական։ Դժվարություններ, իհարկե, կան, բայց ջանում եմ հաղթահարել։ Հայոց լեզուն գիտեմ, բայց քանի որ քիչ եմ կիրառել, երբեմն դժվարանում եմ։ Սովորելու իմ պատրաստակամությունն ու համառությունն օգնում են առաջ շարժվելու։ Ապրում եմ Երեւանում՝ պապիկիս հետ նրա տանը»,- ասում է Վիկտորյան։
Պատերազմի մասին խոսել չի սիրում։ Որոշ դրվագներ է հիշում ու սարսռում։ «Փետրվարի 24-ին ընտանիքիս հետ Ժիտոմիրում գտնվող մեր բնակարանում էի։ Ժամը 4-ն անց կեսին արթնացանք պայթյունի ձայնից։ Հաջորդ օրերին ռումբերի ձայներն ուժգնացան։ Սարսափելի էր»,- հիշում է Վիկտորյան։
Հիշում է նկուղում անցկացրած օրերը, պայթյունի ձայները, ահավոր տեսարանները, փլվող շենքերը․․․
Հիմա ամեն օր լարված է․ անհանգստանում է մոր ու եղբայրների համար։ Նրանք, որոշ հանգամանքներով պայմանավորված, դեռեւս չեն կարող Հայաստան տեղափոխվել։ Վիկտորյան Հայաստանում նոր կյանք է սկսել, նոր ընկերներ ունի, փորձում է գործնականում իր մասնագիտության մեջ հմտանալ։ Ասում է՝ պետք է հաղթահարի բոլոր դժվարությունները՝ աշխատի, կայանա, ուժեղ լինի, որ կարողանա հենարան դառնալ մոր ու եղբայրների համար, երբ նրանք էլ Հայաստան տեղափոխվեն։
Վիկտորյայի մի քանի ընկերներ եւս Հայաստան են տեղափոխվել։ Նրանց մեջ կան նաեւ ազգությամբ ուկրաինացիներ, որոնց հետ Վիկտորյան ջերմ շփումներ ունի։
«Հատկապես ազգությամբ ուկրաինացի ընկերներս երբեմն ինձ դիմում են տարբեր հարցերով։ Անշուշտ, սիրով օգնում եմ, խորհուրդներ տալիս, երբեմն նաեւ որպես իրավաբան։ Ցավալի է, անշուշտ, որ մարդիկ պատերազմի պատճառով լքում են իրենց տները, բայց ես հաճախ հպարտանում եմ, որ ինչպես մենք ենք մեր տներում հյուրին հարգում-պատվում, այնպես էլ մեր երկիրն է փախստականներին վերաբերվում՝ հարգելով նրանց իրավունքները։ Հպարտանում եմ, որ հայուհի եմ, երբ ուկրաինացի ընկերներս ասում են՝ հայերը ջերմ են, հյուրասեր, մարդամոտ»,- ասում է նա։
Վիկտորյան վստահ է՝ նաեւ մեր ազգի այս հատկանիշների շնորհիվ է, որ Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիների համար Հայաստանը երկրորդ տուն է դարձել:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստան տեղափոխված ուկրաինացիներն աջակցություն են ստանում Հայաստանում
Ուկրաինուհի Օլենա Շեւչուկը Հայաստանում ապրում է արդեն 14 տարի, բայց այդ տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ ապրել է նաեւ Ուկրաինայում։ Ասում է՝ Հայաստանն ապահով երկիր է։ Այստեղ կարելի է անվտանգ զգալ, անհոգ դաստիարակել երեխաներին։
Օլենան Հայաստանում ղեկավարում է 2022 թվականի մայիսին հիմնադրված «Հայաստանում ուկրաինացիների եւ Արցախի բնակիչների օգնության շտաբ» հասարակական կազմակերպությունը։ Այս ՀԿ-ն օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ արցախցիների, Ուկրաինայից Հայաստան տեղափոխված փախստականների։ Կազմակերպությունն օգնում է բնակարան եւ աշխատանք գտնելու, իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն է տրամադրում, սոցիալապես աջակցում։
«Մենք մեր ծրագրերը կարողացանք կյանքի կոչել նվիրատուների շնորհիվ։ Մինչեւ այսօր շարունակում ենք աջակցություն տրամադրել շատերին։ Կազմակերպում ենք նաեւ հանդիպումներ, քննարկումներ, մշակութային միջոցառումներ, որպեսզի ավելի սերտացենք հայ-ուկրաինական հարաբերությունները»,- պատմում է Օլենա Շեւչուկը։
Օլենան ասում է՝ երբեւէ ազգային խտրականության չի բախվել Հայաստանում։ Այստեղ մարդիկ ջերմ են, հյուրասեր, սրտաբաց։ Երբ հիմնել են հասարակական կազմակերպությունը Հայաստանում, բազմաթիվ անհատներ կամավոր աջակցություն են ցուցաբերել։
«Փախստականների ամենամեծ խնդիրները, կարծում եմ, հայոց լեզուն սովորելն է եւ աշխատանք գտնելը։ Ես բավական հեշտ եմ ինտեգրվել։ Հայերեն խոսել փոքր-ինչ դժվարանում եմ, բայց, անշուշտ, երբ խոսում են, հասկանում եմ։ Մեր ՀԿ-ին դիմած մարդկանց անհրաժեշտ խորհուրդներ ենք տալիս, բացատրում ենք՝ պետական ո՛ր մարմիններին պետք է դիմել, ինչպես կացության կարգավիճակ ստանալ, ապաստանի հայց ներկայացնել․․․ Մեր ՀԿ-ն առաջարկում է նաեւ անվճար հաճախել հայոց լեզվի դասընթացների»,- պատմում է Օլենան։
Նա համոզված է՝ ջանքեր գործադրելու, լեզուն սովորելու, ակտիվորեն աշխատանք որոնելու դեպքում ուկրաինացիները կարողանում են աշխատանքի տեղավորվել, բնակարան գտնել ու ինտեգրվել։ Նա նշում է՝ Հայաստանում արդյունավետորեն աշխատում են համապատասխան կառույցներ, կան ընթացակարգեր կացության կարգավիճակ ստանալու, ապաստանի հայց ներկայացնելու համար, եւ փախստականների համար սա շատ կարեւոր է։
«Հայաստան եկողները, իհարկե, գիտեն՝ այս երկիրը բավական մեծ դժվարություններ է ունեցել, ուստի պետության կողմից մեծ ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիք չեն ունենում։ Անշուշտ, կան նաեւ միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակներ, ՀԿ-ներ, որոնք աջակցում են Ուկրաինայի քաղաքացիներին (Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և այլն)։ Կարծում եմ՝ ամենակարեւորն այն է, որ Հայաստանում փախստականների իրավունքները պաշտպանված են։ Բազմաթիվ փախստականների համար Հայաստանը երկրորդ տուն է դարձել»,- ասում է Օլենան։
Հայաստան տեղափոխվող ուկրաինացիների մեծ մասն էթնիկ հայեր են։ Շատերը սկզբնական շրջանում ապրում են հարազատների տանը, մինչեւ աշխատանք են գտնում, իսկ ազգությամբ ուկրաինացիները բնակվում են վարձով, աշխատանք գտնում, հարմարվում։
Ուկրաինայից Հայաստան տեղափոխված երեխաներն առանց խոչընդոտների ընդունվում են դպրոցներ՝ շարունակելով կրթությունը հիմնականում ռուսական դպրոցներում։ Իսկ նրանք, ովքեր ավագ դասարաններում են սովորում, սովորաբար առցանց են շարունակում կրթությունը։
Պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն աջակցել է Ուկրաինային։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պարտականությունները կատարող Իննա Թորգոմյանը «Ալիք Մեդիային» տեղեկացրեց՝ 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային տրամադրվել է հետեւյալ հումանիտար օգնությունը․
2023 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի կինը Ուկրաինայի կրթության նախարարությանը տրամադրել է հումանիտար օգնություն՝ ավելի քան 1000 սմարթֆոն, պլանշետ, նոթբուք։
2024 թվականի թվականի ընթացքում փոխանցել է դեղորայք եւ բժշկական նյութեր։
Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիներ ՀՀ քաղաքացիություն են ստացել
Պատերազմի մեկնարկից ի վեր բազմաթիվ ուկրաինացիներ հաստատվել են Հայաստանում։ Շատերն արդեն քաղաքացիություն են ստացել։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության՝ «Ալիք Մեդիային» տրամադրած տվյալների համաձայն՝
2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Ուկրաինայի 244 քաղաքացի, որոնցից 232-ը՝ ազգությամբ հայ,
2023 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Ուկրաինայի 211 քաղաքացի, որոնցից 203-ը՝ ազգությամբ հայ,
2024 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Ուկրաինայի 278 քաղաքացի, որոնցից 264-ը՝ ազգությամբ հայ։
Պետք է շեշտել, որ ապաստանի հայց ներկայացրած անձանց վիճակագրությունը վարվում է ըստ քաղաքացիության երկրների, իսկ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների վիճակագրությունը՝ ըստ կացության տրման հիմքերի, որոնցից է նաեւ ազգությամբ հայ լինելը։
Ուկրաինական համայնքը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի դեկտեմբերի 25-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Կիևում բացվել է 1993 թվականին: Ուկրաինայի դեսպանությունը Երևանում բացվել է 1996 թվականին: Մեր զրուցակից Օլենա Շեւչուկը վստահեցնում է՝ ուկրաինացիներն իրենց ապահով են զգում Հայաստանում։ Այս հարցում կարեւոր են նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունները եւ այն փաստը, որ Հայաստանում կա ուկրաինական համայնք, որը սկսել է ձեւավորվել դեռ 19-րդ դարում: Դեռեւս 1858 թվականին Ուկրաինայի տարածքից մեր երկիր է տեղափոխվել մոտ 150 մարդ, որտեղ հիմնադրվել է Նիկոլաեւկա գյուղը (այժմ ՝ Արմակից գյուղ, որը Լոռու մարզում է)։
2011 թվականին Հայաստանում բնակվում էր 1176 ուկրաինացի (2001 թվականի մարդահամարի տվյալներով ՝ 1633 էթնիկ ուկրաինացի)։ Հայաստանին բնորոշ է էթնիկ ուկրաինացիների ցրված բնակությունը, որը կապված է նրանց փոքր թվաքանակի հետ։ Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել այնպիսի քաղաքներ, որտեղ ապրում է էթնիկ ուկրաինացիների մեծ մասը (Երեւան, Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Իջեւան եւ Սեւան):
1995 թվականին ստեղծվել է անկուսակցական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն ՝ Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիան, որը ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի եւ Ուկրաինական համաշխարհային համակարգող խորհրդի անդամ է: 2003 թվականին ֆեդերացիան պաշտոնապես գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Ֆեդերացիայի ղեկավարության կողմից ստեղծվել են մարզային բաժանմունքներ Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Իջեւան եւ Սեւան քաղաքներում:
Հայաստանի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում հոգ է տանում ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ պահանջմունքների ապահովման համար, մասնավորապես ՝ բյուջետային ֆինանսավորման միջոցով: Այսպես, օրինակ՝ 2005 թվականին պետության կողմից օգտագործման է հատկացվել համապատասխան տարածք ՝ ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնը։
Հայաստանի Հանրապետությունում սփյուռքի հարցերով զբաղվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժինը:
2017 թվականի հոկտեմբերին Երեւանում Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի բազայի վրա բացվել է կիրակնօրյա դպրոց, որի նպատակն է ուկրաինական համայնքի անդամներին կրթական ծառայություններ մատուցել ուկրաիներենի, ուկրաինական գրականության, մշակույթի, պատմության եւ ուկրաինացի ժողովրդի ավանդույթների ուսումնասիրության համար:
Հայաստանում գործում է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի հիման վրա ստեղծված Երեւանի գիտաուսումնական ինստիտուտը: Այնտեղ գործում են ստացիոնար եւ հեռակա ուսուցման ձեւեր: Ամեն տարի ինստիտուտը անվճար տեղեր է հատկացնում ՀՀ քաղաքացի համարվող էթնիկ ուկրաինացիների համար։
Հայաստանում կան նաեւ ուկրաինական սիրողական խմբեր, համույթներ («Դնեպր» երգի համույթը, որը գործում է Երեւանում, «Վերբիչենկա» վոկալ համույթը, որը գործում է Վանաձորում):
Բացի այդ՝ Հայաստանում տպագրվում է «Դնեպր-Սլավուտիչ» ամսագիրը, որը հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին եւ հրատարակվում է մեր պետության աջակցությամբ։ Պարբերականը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ՝ ուկրաիներեն եւ հայերեն 500 տպաքանակով։
Հայերը Ուկրաինայում
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ի պատասխան մեր գրավոր հարցման, տեղեկացրեց, որ նախքան ռուս-ուկրաինական համակամարտությունը ոչ պաշտոնական տվյալներով Ուկրաինայում բնակվել է շուրջ 500 հազար հայ: Հայաշատ բնակավայրերն էին Կիեւը, Օդեսայի, Լվովի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Դոնեցկի մարզերը:
Հայ բնակչությունն այժմ հիմնականում կենտրոնացած է Կիեւում, Դնեպրում, Օդեսայում, Խարկովում, Լվովում, ինչպես նաեւ մյուս մարզերի մեծ ու փոքր բնակավայրերում:
Ուկրաինայում կան երեք տասնյակ եկեղեցիներ եւ բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես` Լվովում, Կիեւում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Մակեեւկայում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաեւում, Իզմայիլում:
«Նախքան հակամարտությունը գործում էին ավելի քան 50 հայկական համայնքային կառույց ու միություն, 20 երիտասարդական կազմակերպություն, մոտ 45 հայկական կիրակնօրյա կրթօջախ, վարժարան եւ նախակրթարան: Լուգանսկի մարզում մոտավոր տվյալներով բնակվում են 3-4 հազար մեր հայրենակիցներ: Դոնեցկի մարզում, որը ռազմական գործողությունների հիմնական շրջաններից է վերջին մի քանի տարիներին, ունեցել է բնակչության մեծ արտահոսք, այդ թվում՝ հայերի: Այստեղ հայերի թվաքանակը չի անցնում 5 հազարը»,- մանրամասնում է Զարեհ Սինանյանը։
Հակամարտության մեկնարկից հետո ուկրաինական կողմը չի հրապարակել ազգությամբ հայերի տեղաշարժին վերաբերող որեւէ վիճակագրություն, հետեւաբար ամբողջական տեղեկատվություն առկա չէ:
Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին ՀՀ մշտական բնակչության կազմում, ծննդյան երկրով (Ուկրաինայով) պայմանավորված, գրանցվել է 2 611 մարդ:
«2022 թվականին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության համագործակցությամբ իրականացված ուկրաինահայերի ինտեգրման ծրագիրը ստացել է 330 դիմում: Դիմել են ինչպես անհատներ, այնպես էլ ընտանիքներ, հաճախ ընտանիքների վերամիավորումը ժամանակ է պահանջել: Ընթացիկ տարում եւս գրասենյակ դիմել են հայրենադարձված ուկրաինահայեր՝ ինտեգրմանը վերաբերող տարբեր հարցերով»,- եզրափակում է Սինանյանը։
Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, եւ Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիներ լքում են երկիրը՝ դառնալով փախստական։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։