Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա, որովհետեւ խորհրդարանը լեգիտիմ չէ։
«Ես կմնամ ձեր նախագահը, քանի որ չկա լեգիտիմ խորհրդարան: Ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահի ընտրել, չի կարող լինել երդմնակալություն: Եվ իմ մանդատը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկա լեգիտիմ ընտրված խորհրդարան, որը օրինական կերպով իմ փոխարեն կընտրի մեկ ուրիշի»,- ասել է Զուրաբիշվիլին տեսաուղերձում։
Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։ Ավելի վաղ «Վրացական երազանք»-ը հայտարարել էր, որ Վրաստանի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Իշխանության կուսակցությունը նախատեսում է նախագահի պաշտոնում հաստատել Միխեիլ Կղավելաշվիլիին, որը հայտնի է իր հակաարեւմտյան հռետորաբանությամբ։
Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի վերջին ուղղակիորեն ընտրված նախագահը։ Պետության նոր ղեկավարին պետք է ընտրի 300-հոգանոց հանձնաժողովը։
Ներկայում խորհրդարանում ներկայացված է «Վրացական երազանք»-ի ընդամենը 89 պատգամավոր։ Ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են, եւ կտրականապես բացառում է օրենսդիր մարմնի աշխատանքին միանալը։
Տաթեւ Խոցանյան