Տավուշի սահմանային Չինարի գյուղում հաստատվել է Արցախից բռնի տեղահանված 12 ընտանիք՝ ընդհանուր 62 հոգի, որոնցից 30-ը՝ անչափահասներ: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը նոր շունչ են ստացել: Վերջին 40-50 տարիներին արտագաղթից հյուծված գյուղում առաջին անգամ բնակչության զգալի աճ է գրանցվել:
Արցախից հայերի բռնի տեղահանությանը արձագանքելով՝ Չինարիի վարչական ղեկավարությունը եւ Մոսկվայում հաստատված չինարեցիները 2023 թվականի սեպտեմբերի 29-ին սոցիալական ցանցերով հայտարարեցին, որ գյուղը պատրաստ է ընդունելու մինչեւ 25 ընտանիք եւ անհատույց տրամադրելու տներ ու տնամերձ հողամասեր:
Տարբեր կառույցների ու կազմակերպությունների միջոցով արցախցիները ստացել են զանազան օգնություններ, այդ թվում՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ, հավեր, ճագարներ, մեղուներ, վառելանյութ, սնունդ: Ֆրեզնոյի Բժշկական առաքելության տրամադրած միջոցներով անցնող աշնանը այդ պահին Չինարիում հաստատված բոլոր ընտանիքները վերանորոգեցին կամ կառուցեցին իրենց բաղնիքներն ու սանհանգույցները:
Հետագա ամիսներին Չինարի տեղափոխվեցին նոր ընտանիքներ, որոնք չէին ներառվել ծրագրում: Այդ մասին մի քանի օր առաջ ինձ զանգահարեց եւ տեղեկացրեց գյուղապետ Սամվել Սաղոյանը, ով իր համայնքում արցախցիներին հաստատելու, նրանց օգնելու եւ ինտեգրելու լավագույն օրինակն է ցուցադրում:
Սաղոյանը պատմեց, որ երկու նոր ընտանիքներ են հաստատվել գյուղում, իսկ արդեն իսկ հաստատվածներից մեկում եղբայրներից կրտսերը ամուսնացել, առանձնացել եւ տուն է ստացել: Երեք ընտանիքններն էլ կարիք ունեն տաք ջրի, բաղնիքի եւ սանհանգույցի, քանի որ Չինարիի այն տները, որոնք անհատույց տրամադրվում են արցախցիներին, երեք տասնամյակ եղել են դատարկ եւ անխնամ՝ գյուղից արտագաղթի պատճառով:
Այս պատմությունը նույն օրն իսկ տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում: Գրառմանը արձագանքեցին բազմաթիվ ընկերներ եւ հետեւողներ, իսկ նրանցից ութ հոգի անմիջապես տրամադրեցին անհրաժեշտ գումար մեկ՝ Խաչատրյանների չորսհոգանոց ընտանիքի համար բաղնիք եւ սանհանգույց կառուցելու նպատակով:
Կիրակի օրը Չինարիում էի: Լյովա Խաչատրյանի ընտանիքը այստեղ է տեղափոխվել Արցախի Մսմնա գյուղից: Նրանք ժամանակավորապես նախ հաստատվել են Չարենցավանում, ապա որոշել են տեղափոխվել գյուղ: Մինչեւ Նոր տարի այս ընտանիքը ապահովված կլինի տաք ջրով, բաղնիքով եւ սանհանգույցով:
Մյուս երկու՝ Անդրանիկ Հարությունյանի եւ Տիգրան Սարգսյանի ընտանիքները եւս կարիք ունեն օգնության: Անդրանիկն ապրում է կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ, շուտով ընտանիքում լույս աշխարհ կգա երրորդ երեխան:
Տիգրան Սարգսյանը բռնի տեղահանվելուց հետո է ամուսնացել: Հարսանիքը ամբողջ գյուղով արել են Խորանաշատի վանական համալիրում: Տիգրանը եւ կինը առաջիկա ամիսներին սպասում են առաջնեկին:
Արհավիրքից հետո պետք է առաջին հերթին մտածել եւ հոգալ ապրողների մասին: Չինարին հաջողված պատմության օրինակ է այն մասին, թե ինչպես է գյուղը ընդունել աղետի մեջ հայտնված հայրենակիցներին:
Չինարիում եւ հայ-ադրբեջանական սահմանի մի քանի այլ գյուղերում հաստատված արցախցիների մասին պատմող իմ հեղինակային «Հույսի հորիզոններ» ֆիլմը կարող եք դիտել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=xftyOaDvQNM
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։