Դեկտեմբերի 2-ին՝ առավոտյան 07:00-ին, ոստիկանները ցրել են Թբիլիսիի կենտրոնում ընթացող խաղաղ ցույցը, դաժանորեն հարձակվել ցուցարարների վրա, բերման ենթարկել շատերին:
Ոստիկանները ցուցարարներին հետապնդել են մետրոյի կայարաններում, խանութներում եւ դեղատներում:
Հատուկջոկատայինները հարձակվել են նաեւ Ճավճավաձեի պողոտայի ցույցի մասնակիցներ վրա, ձերբակալել են «Կոալիցիա փոփոխություններ համար»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին:
Այս պահին Ճավճավաձեի պողոտայում ներկա են միայն պարեկային ոստիկանության աշխատակիցներն ու հանրահավաքի մի քանի մասնակից։ Վերականգնվել է նաեւ երթեւեկությունը։
Եվրոպամետ եւ հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելուց։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին ե՛ւ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, ե՛ւ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումում, Զուգդիդում, Քութայիսում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի եւ ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արեւմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։
Թամարա Սարգսյան