Ուկրաինայի համար անվտանգության լավագույն երաշխիքները դեռեւս Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունն է, սակայն անհնար է երկրին ռազմական դաշինք հրավիրել մասամբ՝ առանց օկուպացված տարածքների։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Եվրոպական խորհրդի նոր ղեկավար Անտոնիո Կոստայի հետ Կիեւում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Կիեւը երբեք իրավաբանորեն չի ճանաչի Ռուսաստանի կողմից իր տարածքների օկուպացիան։
«Մենք չենք ճանաչում այդ հողերը որպես ռուսական։ Դրանք մեր հողերն են, նրանք մեր ժողովուրդն են։ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված մասերն են։ Իհարկե, այդ ամենը կվերադառնա։ Իհարկե, շատ կուզենայի, որ մեծամասնությունը վերադառնա դիվանագիտական ճանապարհով։ Ես վստահ չեմ, որ Պուտինը դա հասկանում է, բայց ես ուզում եմ, որ քաղաքակիրթ աշխարհը մեծ մասամբ դա հասկանա»,- ասել է Զելենսկին, որի խոսքերը մեջբերում է ուկրաինական «Суспільне»-ն։
Ուկրաինայի նախագահը հաջորդիվ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում երկիրն իր ամբողջ միջազգային ճանաչված սահմաններով պետք է ստանա դաշինքին միանալու հրավեր, եւ ոչ միայն ռուսական օկուպացիայի տակ չհայտնված մասը։
«Չի կարող ՆԱՏՕ հրավեր լինել միայն Ուկրաինայի տարածքի մի մասի համար։ Դա ոչ միայն ինքնաբերաբար կճանաչի, որ մնացած բոլոր տարածքները վտանգի տակ են, այլ նաեւ կճանաչի, որ բոլոր այդ տարածքները ուկրաինական չեն, ուստի Ուկրաինան երբեք չի համաձայնի դրան։ Եթե սա հրավեր է, ապա միայն բոլոր տարածքները ամբողջությամբ վերցրած»,- ասել է Զելենսկին։
Սակայն, հավելել է նա, Կիեւը տեղյակ է, որ ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ ուղղումը չի կարող կիրառվել Ուկրաինայում պատերազմի ժամանակ, «քանի որ դաշինքի անդամ երկրները դեմ են պատերազմին ներքաշվելու ռիսկերին»։
«Ուկրաինան երբեք որեւէ մեկին չի ներգրավել այս պատերազմին։ Նկատի ունեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակները»,- նշել է Զելենսկին։
Նախօրեին Sky News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմի «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե Կիեւի վերահսկողության տակ մնացած երկրի տարածքն անցնի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ Այսպես, նա մեկնաբանել էր ԶԼՄ-ների այն հրապարակումները, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու ծրագրերից մեկը կարող է լինել ուկրաինական տարածքների մի մասը Ռուսաստանի վերահսկողության տակ թողնելու համաձայնությունը՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու դիմաց։