ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը։
«Պետքարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Ֆիդանը քննարկել են Հալեպում եւ այլուր դեէսկալացիայի անհրաժեշտությանը եւ քաղաքացիական անձանց կյանքերի եւ ենթակառուցվածքների պաշտպանությանը առնչվող հարցեր»,- ասվում է ԱՄՆ պետարքատուղարության հաղորդագրության մեջ:
Դրանում նաեւ նշվում է, որ կողմերն անդրադարձել են Գազայում ընթացող հակամարտության պայմաններում մարդասիրական օգնության շարունակական ջանքերին, ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությանը եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատման վերաբերյալ հարցերին։
Ըստ Anadolu գործակալությն՝ Ֆիդանը Բլինքենի հետ զրույցի ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան դեմ է այնպիսի իրադարձություններին, որոնք անկայունություն են ստեղծում տարածաշրջանում, եւ որ այդ համատեքստում հանդես է գալիս Սիրիայում լարվածության նվազեցման օգտին։
Թուրքիայի արտգործնախարար նշել է, որ Սիրիայում խաղաղություն եւ հանգստություն հաստատելու համար պետք է ավարտին հասցվի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության եւ ընդդիմության միջեւ քաղաքական գործընթացը։
Անդրադառնալով տարածաշրջանի մյուս հարցերին՝ Ֆիդանը նշել է, որ Լիբանանում հրադադարի շարունակման համար Իսրայելը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները, իսկ Գազայում հնարավորինս շուտ հրադադար հաստատվի, եւ մարդասիրական օգնություն մատակարարվի։
Բացի այդ, Anadolu-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել են նաեւ ուկրաինական հակամարտությանն ու Հարավային Կովկասին առնչվող հարցերին։
Հիշեցնենք՝ Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվեց հասնել Հալեպի մատույցներ եւ ներթափանցել քաղաք։ Դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքի մեծ մասի գրավման մասին։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հաղորդվեցին նաեւ այն մասին, որ ապստամբները կարողացել են հասնել Համա քաղաքի հյուսիսային արվարձաններ եւ հարակից շրջաններ, ինչը սիրիական բանակը հերքեց։
Reuters-ը, հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներից ստացված տեղեկությանը, հայտնում է, որ հարձակման համար «կանաչ լույսը» վառել է ապստամբներին աջակցող Թուրքիան։
Ռազմական գործողությունների մեկնարկին հաջորդող երեք օրվա ընթացքում Անկարան ձեռնպահ էր մնացել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ տալուց։ Միայն ուրբաթ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան ներգրավված չէ Հալեպի նահանգում ընթացող ռազմական գործողություններում, սակայն անվտանգության որոշակի միջոցառումներ է նախաձեռնում։
«Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ […] Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»,- ասել է Ֆիդանը, որին մեջբերում է Yeni Şafak թերթը։