Կրեմլը կարծում է, որ Վրաստանում ընդդիմության բողոքի ակցիաները նման են Ուկրաինայում տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության» սցենարին։
«Փորձ է արվում լարելու իրավիճակը։ Նման իրադարձություններ մենք տեսել ենք մի շարք երկրներում։ Ամենաուղղակի զուգահեռը, որ կարելի է անցկացնել, Ուկրաինայում Մայդանի իրադարձություններն են։ Կան բոլոր նախանշանները՝ իրականացնելու «Նարնջագույն հեղափոխության փորձը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Միաժամանակ նա նշել է, որ դա Վրաստանի ներքին խնդիրն է, եւ Կրեմլը որեւէ կերպ չի միջամտել եւ մտադիր չէ միջամտելու այդ գործընթացներին։
«Վրացական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու եւ հանդարտեցնելու համար»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչեւ 2028 թվականի վերջը։ Արդեն երեք օր անընդմեջ շարունակվող ցույցերը ոստիկանությունը ցրում է արցունքաբեր գազի, ռետինե մահակների եւ ջրցան մեքենաների կիրառմամբ։
Ցուցարարներին աջակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նոյեմբերի 30-ին նա հայտարարեց, որ որպես նախագահ մնում է «միակ անկախ, օրինական ինստիտուտը» երկրում եւ չի հրաժարվի իր պաշտոնից՝ չնայած իր ժամկետի ավարտին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին բողոքի ակցիաները անվանել է «հարձակում երկրի սահմանադրական կարգի վրա» եւ մեղադրել է եվրոպացի քաղաքական գործիչներին եւ «հինգերորդ շարասյունին» դրանց կազմակերպման համար։