Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար, հայտնում է DPA-ն։
Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Ուկրաինա վերջին երկուսուկես տարվա ընթացքում։ Շոլցը վերջին անգամ Կիեւ է այցելել 2022 թվականի հունիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին։
Կիեւ ժամանելուց հետո կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինան ավելի քան հազար օր է, ինչ «հերոսաբար պաշտպանվում է ռուսական անխնա ագրեսիայից»։ Հաջորդիվ նա ընդգծել է, որ Գերմանիան «շարունակում է մնալ Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում»։
«Նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ես կհայտարարեմ 650 միլիոն եվրոյի հավելյալ ռազմական օգնության մասին, որը պետք է տրամադրվի դեկտեմբերին»,- Շոլցի խոսքերն է մեջբերում Der Spiegel-ը։
Նոյեմբերի 15-ին Օլաֆ Շոլցը առաջին անգամ հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Շոլցը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ դուրս բերել ռուսական զորքերը երկրի տարածքից։ Կրեմլը հայտնել է, որ զրույցի ընթացքում տեղի է ունեցել «մտքերի մանրամասն եւ անկեղծ փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ»։