Ռուսական եւ սիրիական ինքնաթիռներն ուժգնացնում են հարձակումները Սիրիայի հյուսիսում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ հարձակողական գործողությունների անցած ապստամբական ուժերի դեմ, գրում են Reuters-ը եւ CNN-ը։
Դեկտեմբերի 1-ին ավիացիոն հարձակման է ենթարկվել Իդլիբ քաղաքը, որն այժմ ամբողջությամբ գտնվում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին սիրիական ենթաճյուղ համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության վերահսկողության ներքո։
Տեղի բնակիչները, որոնց մեջբերում է Reuters-ը, պնդում են, որ հարձակումներից մեկն ուղղված է եղել Իդլիբի կենտրոնում գտնվող խիտ բնակելի թաղամասի տարածքին։ Փրկարարների տվյալներով՝ զոհվել է առնվազն յոթ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Սիրիական բանակը պնդում է, որ հարվածները հասցվել են ահաբեկչական խմբավորումների թաքստոցներին։
Բացի այդ՝ նշվում է, որ ռուսական եւ սիրիական ինքնաթիռները հարվածներ են հասցրել նաեւ Հալեպի եւ Համայի շրջանում կենտրոնացած ապստամբական ուժերի դիրքերին։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) դեկտեմբերի 1-ին հայտնել է, որ ռուսական կործանիչները չորս ավիահարվածներ են հասցրել Հալեպի կենտրոնում գտնվող համալսարանական հիվանդանոցին, ինչի հետեւանքով զոհվել է հինգ մարդ՝ ինչպես զինյալներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը դեկտեմբերի 1-ի երեկոյան հայտարարել էր, որ ռուսական օդատիեզերական ուժերը, «որպես սիրիական բանակին աջակցության մաս», ռմբակոծությունների են ենթարկել Իդլիբ, Համա եւ Հալեպ նահանգներում ահաբեկիչների կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի կուտակման վայրերին եւ հենակետերին։ Կենտրոնի տվյալներով՝ սպանվել է 320 զինյալ։
Հիշեցնենք՝ Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվեց հասնել Հալեպի մատույցներ եւ ներթափանցել քաղաք։ Դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքի մեծ մասի գրավման մասին։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հաղորդվեցին նաեւ, որ ապստամբները կարողացել են հասնել Համա քաղաքի հյուսիսային արվարձաններ եւ հարակից շրջաններ, ինչը սիրիական բանակը հերքեց։