Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Քննարկման հիմնական թեման վերաբերել է Սիրիայում ստեղծված կացությանը։
«Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում սրված իրավիճակի վրա։ Ահաբեկչական խմբավորումների լայնածավալ ագրեսիան դիտարկվել է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կայունության խաթարման նպատակ»,- ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անվերապահ աջակցություն է արտահայտվել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու երկրի սահմանադրական կարգը եւ տարածքային ամբողջականությունը, եւ ընդգծվել է Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձեւաչափի շրջանակում ջանքերի համակարգման կարեւորությունը։
Բացի այդ՝ նաեւ նշվում է, որ նախագահների եւ «այլ» մակարդակով հետագա շփումների ծրագիր է մշակվել։
Հիշեցնենք՝ Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվեց հասնել Հալեպի մատույցներ եւ ներթափանցել քաղաք։ Դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքի մեծ մասի գրավման մասին։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հաղորդվեցին նաեւ այն մասին, որ ապստամբները կարողացել են հասնել Համա քաղաքի հյուսիսային արվարձաններ եւ հարակից շրջաններ, ինչը սիրիական բանակը հերքեց։
Reuters-ը, հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներից ստացված տեղեկությանը, հայտնում է, որ հարձակման համար «կանաչ լույսը» վառել է ապստամբներին աջակցող Թուրքիան։