Հաագա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Տոմոկո Ականեի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանն ու Ականեն քննարկել են ընթացիկ տարվա փետրվարին ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունից հետո դատարանի և Երեւանի միջև ձեւավորված փոխգործակցությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերների շուրջ՝ կարևորելով անկախ դատական մեխանիզմների դերի ամրապնդումը գլոբալ ճգնաժամերին պատշաճ արձագանքելու, ինչպես նաև խաղաղության ապահովմանը նպաստելու գործում։ Ընդգծվել է համագործակցային ջանքերի կարևորությունը մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասվում է ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։ Նաեւ նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, որոնք իրենց հերթին ուղղված են դատարանի հետ փոխգործակցության ընթացակարգային ասպեկտների կարգավորմանը։