1997-1998 թվականներին Հայաստանում իրականացված ռազմապետական հեղաշրջման մասին շատ է գրվել ու էլի կգրվի, քանի որ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխեցին մեր պատմության ընթացքը՝ իշխանազավթման ճանապարհին վիժեցնելով Արցախը հայկական պահելու իրական հնարավորությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրերից չգրված երկու կարեւոր դրվագ է մնացել, որի մասին, հուսանք, առավել մանրամասն կգրեն կա՛մ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կա՛մ Սերժ Սարգսյանը: Վազգեն Սարգսյանը չկա, իսկ մյուս գրիչը՝ Ռոբերտ Քոչարյանը, արդեն իսկ հատոր է թողել՝ հնարավոր բոլոր ձեւերով աղավաղելով մեր պատմությունն ու իրեն դնելով Հայաստանի հաջողությունների առանցքում:
Որոնք են այդ երկու դրվագները, որոնց մասին հրապարակային չի խոսվել, լրատվամիջոցներում չի գրվել:
Առաջին. Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտադրված հրաժարականից առաջ ցանկանում էր մեկնել Մոսկվա, որովհետեւ առանց Ռուսաստանի աջակցության հնարավոր չէր որեւէ կարգավորում, եթե չասենք՝ կարգավորման բանալին Մոսկվայում էր:
Ռուսաստանը, ըստ էության, ամեն ինչ արեց, որ այդ այցը չկայանա: Հետագայում Բորիս Ելցինը պիտի հայտարարեր, թե իրենք պատրաստ էին օգնելու Տեր-Պետրոսյանին, ինչը իրականության հետ աղերս չունի: Մոսկվան չէր ուզում կարգավորում, ավելի ճիշտ՝ այնպիսի կարգավորում, որն այդ ժամանակ Ռուսաստանին դուրս էր դնում կովկասյան տարածաշրջանում ունեցած լծակներից:
Գուցե արտառոց հնչի, բայց Տեր-Պետրոսյանը իրականում հակառուս գործիչ էր այն իմաստով, որ Արցախում ձգտում էր կարգավորման հասնելու. մի բան, որ հակասում էր Մոսկվայի շահերին: Ահա այդ պատճառով է, որ նախագահ Ելցինն ու Ռուսաստանը մենակ թողեցին Հայաստանի առաջնորդին՝ անուղղակի կերպով քաջալերերով ռազմապետական հանցավոր հեղաշրջումը:
Երկրորդ դրվագը վերաբերում էր հայ-ամերիկյան հարաբերություններին: Տեր-Պետրոսյանը 1994 թվականի օգոստոսին պետական այցով եղել էր ԱՄՆ-ում՝ մնալով Հայաստանի միակ ղեկավարը, որն արժանանում է նման ընդունելության: Երկու տարի անց՝ 1996 թվականի նախագահական աղմկահարույց ընտրություններին, ամերիկացիները խիստ բացասական գնահատական էին տվել՝ փաստացի կասկածի տակ դնելով Տեր-Պետրոսյանի լեգիտիմությունը:
Տեր-Պետրոսյանը սա չներեց եւ դրանից հետո մերժեց ընդունել Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Այսպիսով, մի կողմից, ռուսները չաջակցեցին Տեր-Պետրոսյանին եւ կանաչ լույս վառեցին խռովարարների առաջ, մյուս կողմից՝ առաջին նախագահը իրեն մեկուսացման մեջ դրեց ամերիկացիներից:
Եվս մեկ էական հանգամանք, որին պատշաճ ուշադրություն չենք դարձնում: Տեր-Պետրոսյանը ակնկալում էր, որ Արցախի հարցը շահարկելով իր դեմ դուրս կգան ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ որեւէ այլ առանցքային դեմք թիմի ներսից, բայց երբեք չէր սպասում, որ մեջքից հարվածը գալու է Վազգեն Սարգսյանից:
Ահա այս պայմաններում էր, որ տեղի ունեցան պարտադրված հրաժարականն ու հեղաշրջումը:
Եվ վերջապես, հարց է առաջ գալիս. եթե 1997-1998 թվականներին ռուսները ղարաբաղյան հակամարտության լուծմանը դեմ էին, ապա ինչո՞ւ էին կողմ 2014-ից հետո, երբ ագրեսիվ կերպով առաջ էին տանում Լավրովյան պլանը: Այս հարցի պատասխանը պետք չէ փնտրել դավադրապաշտական դաշտում: 1997-1998 թվականներին Ռուսաստանի շահերին հակասում էր այն լուծումը, որը ջատագովում էր Տեր-Պետրոսյանը, մինչդեռ 2014-ից եւ հատկապես 2020-ից հետո նույն Ռուսաստանի շահերը պահանջում էին լուծում:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։