Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով ամերիկյան զորքերի հրամանատարությունը թեժ գծով կապ է հաստատել ռուսական կողմի հետ. այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը։
«Որքան հասկանում եմ, միացյալ օպերատիվ խմբի՝ «Անխախտ վճռականություն» գործողության հրամանատարը օգտագործել է Ռուսաստանի հետ մեր ունեցած թեժ գիծը, որպեսզի երաշխավորի, որ մենք հաղորդակցության համար բաց ուղիներ ունենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ուժերը գործում են աշխարհագրորեն Սիրիային շատ մոտ շրջաններում»,- ասել է Ռայդերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Սիրիայի հարցով Վաշինգտոնը եւ Մոսկվան կապեր հաստատել են։
Պենտագոնի խոսնակը հավելեց, որ չի մանրամասնի այդ զրույցի բովանդակությունը, սակայն ընդգծեց, որ հաղորդակցության այդ մեխանիզմը ներդրվել է «հնարավոր սխալ հաշվարկները» կանխելու համար։
«Մենք կշարունակենք շփվել տարածաշրջանի երկրների հետ եւ հետեւել զարգացող իրավիճակին»,- ասել է Ռայդերը:
Հիշեցնենք՝ Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվեց հասնել Հալեպի մատույցներ եւ ներթափանցել քաղաք։ Դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց Սիրիայի երկրորդ քաղաքի մեծ մասի գրավման մասին։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հաղորդվեցին նաեւ այն մասին, որ ապստամբները կարողացել են հասնել Համա քաղաքի հյուսիսային արվարձաններ եւ հարակից շրջաններ, ինչը սիրիական բանակը հերքեց։
Հաղորդվում է, որ ռուսական եւ սիրիական ինքնաթիռները զանգվածային հարվածներ են հասցնում ապստամբական ուժերի մարդկային եւ տեխնիկական կուտակումներին, ինչպես նաեւ թիկունքային ենթակառուցվածքներին ու հենակետերին։