Իսրայելի եւ Լիբանանի իշխանությունները միմյանց մեղադրել են նոյեմբերի վերջին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար, հայտնում է Reuters-ը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է Մարջայուն քաղաքի վրա իսրայելական ավիացիայի հարձակման հետեւանքով մեկ զոհի մասին։
Լիբանանի պետական անվտանգության ծառայությունն էլ հայտնել է, որ Նաբաթիա քաղաքի մոտ իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով մեկ լիբանանցի զինվոր է զոհվել։
Ինչպես հայտնում է Reuters-ը, իսրայելցի զինվորականները չեն պատասխանել Մարջայունում եւ Նաբաթիայում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ հարցումներին։
Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին հայտնել էր, որ Բեքայի հովտում եւ Սիրիայի հետ սահմանի մոտ ավիահարվածներ է հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքների մոտ գտնված ռազմական մեքենաներին։
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաիբ Բերրին, որը հրադադարի շուրջ բանակցություններում Բեյրութի ներկայացուցիչն էր, հայտարարել է, որ լիբանանյան կողմն արդեն արձանագրել է հրադադարի ռեժիմի 54 խախտում։
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հերքում է այն, որ Իսրայելի պաշտպանության բանակը խախտել է հրադադարի համաձայնագիրը։ Նրա խոսքերով՝ «Հեզբոլլահը» զենք է տեղափոխել Լատինի գետից հարավ, ինչը արդեն հրադադարի պայմանավորվածությունների խախտում է։
Իսրայելի պաշտպանության բանակն էլ նախօրեին հայտնել է, որ «Հեզբոլլահը» գնդակոծել է Իսրայելի եւ Լիբանանի սահմանին գտնվող Հար Դով լեռը, որի հետեւանքով տուժածներ չկան: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջադեպն անվանել է «հրադադարի լուրջ խախտում» եւ հայտարարել, որ «Իսրայելը վճռական պատասխան կտա»։
«Մենք մտադիր ենք շարունակել հարգել հրադադարը եւ պատասխանել «Հեզբոլլահի» ցանկացած խախտման, իսկ չնչին խախտումը կդիտարկվի որպես հիմնական»,- ասել է Նեթանյահուն։
«Հեզբոլլահի» հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը իսրայելական ուժերի վրա իրականացվել է «ինքնապաշտպանության նպատակով», եւ գործողությունը առաջին պատասխանն է Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի «կրկնվող խախտումներին»:
Հիշեցնենք՝ Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04:00-ին, ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։
Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով: Իր հերթին հրեական պետությունը կսկսի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը հարավային Լիբանանից։ Իսրայելական եւ լիբանանյան կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի կատարման մշտադիտարկման հանձնաժողով, որում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Միացյալ Նահանգները նաեւ կնպաստի անուղղակի բանակցություններին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ՝ սահմանային ընթացիկ խնդիրների լուծման համար: