Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է դիվանագիտական ծառայությունից հեռանալու մասին։ Դիվանագետի հայտարարությունը տարածել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան կայքէջը։
«Ծանր սրտով ես հայտարարում եմ ԱՄՆ դիվանագիտական ծառայությունից իմ հեռանալու մասին։ Առողջական խնդիրները, որոնք ես նշել էի 2023 թվականին ԱՄՆ Սենատի առջեւ իմ ելույթում, ցավոք, պահպանվել են»,- ասվում է հայտարարության մեջ:
Լիբբին նշում է, որ վերջին բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ տուն վերադառնալու եւ առողջական վիճակի վրա կենտորանանալու ժամանակն է։ Դեսպանի խոսքերով՝ նա կշարունակի մնալ Բաքվում մինչ 2024 թվականի ավարտը։
«Ես աներեւակայելի հպարտ եմ Բաքվում պաշտոնավարմանս ընթացքում իմ եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան թիմի կատարած աշխատանքի համար»,- ասվում է Լիբբի հայտարարության մեջ: Նա նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հաջողվել է խորացնել ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, կրկնապատկել ԱՄՆ-ում ուսանող ադրբեջանցիների թվաքանակը, հեշտացնել գիտաշխատողների եւ մարզական գործիչների այցելությունները։
Հայտարարության մեջ ամերիկացի դիվանագետը նաեւ ընդգծել է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելու եւ Հարավային Կովկասում կայուն, արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար դեռ շատ անելիքներ կան»։
Հիշեցնենք՝ Լիբբին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի հունվարին։