Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառները կապված են Հայաստանի տարածաշրջանային եւ կոնֆլիկտային քաղաքականության հետ։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ: Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ եւ տասնմեկերորդ պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ: Այո, տասներկուսը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ այդ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, տասներեքերորդը կարող է լինել արդարության պակասը: Բայց եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում եւ որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ, որովհետեւ դրա մասին խոսելն ընդունված չէ»,- ասել է Փաշինյանը:
Ըստ ՀՀ վարչապետի՝ երբեք օբյեկտիվորեն չի խոսվել կոնֆլիկտային միջավայրում «իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած» մարդկանց ներհասարակական պահվածքի, կարգավիճակի, քաղաքացիական կարգավիճակի մասին:
«Մենք պետք է խոստովանենք, թե այս իրադրության պատճառով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է թողել գնացել՝ ասելով, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում ապագա չկա եւ այլն: Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական մտավոր էլիտայի ամենաշատ մեջբերվող վերնագիրը առնվազն Հովհաննես Թումանյանի հոդվածն է, որը վերնագրված է «Անկեղծ չեք»»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը: