Հալեպից անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ Այդ մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության տեքստում։
Դրանում նշվում է, որ գերատեսչությունն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, եւ հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։ Մշտական կապ է պահպանվում Սիրիայի պատկան մարմինների եւ համայնքային կառույցների հետ։
Նշվում է, որ դեսպանությունը պատասխանում է Հայաստանի քաղաքացիների բոլոր զանգերին, հետաքրքրող, այդ թվում՝ փաստաթղթային ապահովման, նոր անձնագրերի տրամադրման վերաբերյալ հարցերին:
Հայաստանի արտգործնախարարությունը նաեւ հայտնում է, որ ներկա պահին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր աշխատանքը շարունակում է մայրաքաղաք Դամասկոսից։
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս հանգամանքը պայմանավորված է Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով հյուպատոսի Դամասկոս մեկնելով, որից հետո ռազմական իրադրության լարման պատճառով չի կարողացել վերադառնալ Հալեպ։ Նշվում է, որ գլխավոր հյուպատոսը եւ Դամասկոսում դեսպանության հյուպատոսական բաժինը շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։
Հայաստանի քաղաքացիները կարող են կապ հաստատել Դամասկոսում ՀՀ դեսպանության հետ` զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարին՝ +963960003622 (բջջային)։
Նշենք նաեւ, որ այս պահի դրությամբ հաստատվել է ազգությամբ մեկ հայի՝ Երվանդ Արսլանյանի սպանության մասին տեղեկությունը, որ զոհվել էր նոյեմբերի 30-ին Հալեպից դուրս գալու փորձի ժամանակ։