Հրադադարի համաձայնագրի ստորագրման դեպքում եվրոպական երկրները կարող են իրենց զորքերն Ուկրաինա ուղարկել՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։ Այդ մասին գրում են «Ազատություն» ռադիոկայանն ու DW-ն՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
ՆԱՏՕ-ի աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ տարբերակներից մեկը շփման գծում ֆրանսիական եւ բրիտանական զորքերի տեղակայումն է: Աղբյուրն ընդգծել է, որ մինչ այժմ քննարկումներն «անցկացվում են միայն առանձին մայրաքաղաքներում» եւ դեռ չեն հասել ՆԱՏՕ-ի մակարդակ։
Ըստ «Ազատության»՝ Փարիզում եւ Լոնդոնում այժմ փորձում են տարբերակներ պատրաստել իրադարձությունների տարբեր սցենարների համար, եթե ԱՄՆ նոր ղեկավարության մեջ հարց առաջանա, թե ինչպես են եվրոպական երկրները պատրաստվում շարունակելու աջակցել Ուկրաինային։ Զրուցակիցը նաեւ նշել է, որ կոնկրետ առաջարկների եւ աջակցության տարբերակների մշակումն անհրաժեշտ է նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կազմակերպվող խաղաղության բանակցություններին եվրոպացի դաշնակիցների մասնակցությունն ապահովելու համար։
Le Monde-ն նոյեմբերի 25-ին գրել էր, որ որոշ արեւմտյան երկրներ կրկին սկսել են քննարկել իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Պարբերականը նշում է, որ այս քննարկումները վերսկսվել են ԱՄՆ նախագահի պաշտոնը հունվարին Դոնալդ Թրամփի ստանձնելու ֆոնին, որը կարող է դադարեցնել Վաշինգտոնից Կիեւին տրամադրվող օգնությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հրապարակավ խոսել են Ուկրաինա արեւմտյան զորքերի հնարավոր ուղարկման մասին։ Միեւնույն ժամանակ Le Monde-ն նշել էր, որ մի շարք երկրներ, առաջին հերթին՝ Գերմանիան, դեմ են հանդես եկել Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարին։