Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) չի ընդունել նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հայցերը հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։ ՍԴ-ն որոշումը կայացրել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին:
9-հոգանոց պլենումի որոշմանը չեն համաձայնել և հակադիր կարծիք են գրել երկու դատավորներ՝ Թեիմուրազ Տուղուշին և Գիորգի Կվերենչխիլաձեն:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 19-ին հայց է ներկայացրել ՍԴ և պահանջել ընտրությունները ճանաչել հակասահմանադրական՝ ընտրությունների գաղտնիության, համընդհանրության և ազատ ընտրությունների անցկացման իրավունքները խախտելու պատճառով։
Նույնաբովանդակ հայց էին ներկայացրել նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: ՍԴ-ն երկու հայցն էլ համատեղ է քննել։
Հայցվորները պահանջում էին չեղյալ համարել ընտրական արձանագրությունները, այդ թվում՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի բավարարումը հավասարազոր կլիներ նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտության:
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ը ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը, նախագահն ու քաղհասարակությունը պնդում են` ընտրությունները կեղծվել են։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների առնչությամբ «լուրջ կասկածները»։
Նորայր Միսկարյան