Հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության 4800 քաղաքացի ապրում է ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս), տեղեկությունը «Ալիք Մեդիա»-ին փոխանցել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ)։
ԻՀԱԿ մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը մանրամասնում է՝ ՄԻԱՎ-ը, անցնելով մարդու օրգանիզմ, աստիճանաբար սկսում է քայքայել մարդու իմունային համակարգի բջիջները եւ ձեւավորում է օրգանիզմում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ):
«ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջին փուլն է, երբ օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանիչ մեխանիզմները ամբողջությամբ հյուծվում են՝ օրգանիզմը ընկալունակ դարձնելով տարբեր վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ»,- նշում է Այվազյանը։
Համաձայն վիճակագրության՝ 2024 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում գրանցվել է.
- ՄԻԱՎ վարակի 462 դեպք, որից 341-ը՝ արական (73,8%), 121-ը՝ իգական (26,2%) սեռի շրջանում,
- ՁԻԱՀ-ի 110 դեպք, որից 87-ը՝ արական (79%) եւ 23-ը՝ իգական (21%) սեռի շրջանում,
- մահվան 92 դեպք, որից 74-ը՝ արական (80,4%) եւ 18-ը՝ իգական (19,6%) սեռի շրջանում,
- երեխաների շրջանում (0-14 տարեկան)գրանցվել է 3 դեպք։
Մեր երկրում ՄԻԱՎ-ի խոցելի խմբում միգրանտներն են՝ արտագնա աշխատանքի մեկնողները, հաջորդում են կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, թմրամիջոցների ներարկային օգտագործողները եւ տրանս անձինք։
1988-2023 թվականներին արձանագրված դեպքերի հարաբերական բաշխումն ըստ մարզերի՝ 100․000 բնակչի հաշվարկով, ցույց է տալիս, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի (275) մարզում է, որին հաջորդում են Լոռու (248), այնուհետեւ՝ Գեղարքունիքի (235) մարզը։
Ոլորտում ծրագրեր իրականացվում են ոչ միայն բուժման, այլեւ կանխարգելման ուղղությամբ։ Հատկապես միգրանտների շրջանում դեպքերի վաղ հայտնաբերման համար իրականացվում են անվճար հետազոտություններ։ Շարժական կլինիկաները այցեր են կատարում մարզերի քաղաքային եւ գյուղական բնակավայրեր՝ տեղում անցկացնելու անվճար եւ անանուն հետազոտություններ։
Մասնագետներն ընդգծում են՝ ՄԻԱՎ-ի բուժումը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է վաղ սկսել հակառետրովիրուսային դեղերի օգտագործումը՝ հետեւելով բժշկի ցուցումներին։ ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության եւ խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը հիշեցնում է՝ ՄԻԱՎ վարակը տարիներ շարունակ կարող է ընթանալ անախտանիշ, հետո արդեն հայտնաբերվել ՁԻԱՀ-ի փուլում։
«Հենց այս պատճառով է կարեւոր ցանկացած ռիսկային վարքագծի դեպքում հետազոտվել՝ վարակը վաղ հայտնաբերելու եւ բուժումը վաղ սկսելու համար։ Հակառետրովիրուսային բուժումը փոխել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքը։ Բոլոր նրանք, ովքեր ստանում են դեղամիջոցներն այնպես, ինչպես նշանակում է բժիշկը, ապրում են որակյալ, երկար եւ լիարժեք կյանքով՝ այնպես, ինչպես կապրեին, եթե չունենային ՄԻԱՎ վարակ։ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, որոնք ունեն անհայտնաբերելի մակարդակի վիրուսային ծանրաբեռնվածություն՝ շնորհիվ դեղամիջոցների կարգապահ ընդունման, գործնականորեն վարակիչ չեն»,- մեկնաբանում է Արզաքանյանը՝ ընդգծելով, որ հակառետրովիրուսային դեղամիջոցների ընդունումն ունի ոչ միայն բուժական, այլեւ կանխարգելիչ դեր։
Մեր երկրում թե՛ Հայաստանի, թե՛ օտարերկրյա քաղաքացիների համար ամբողջությամբ անվճար հասանելի է նաեւ ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումը։ Այսինքն՝ անձը, որը այնպիսի կոնտակտ է ունեցել ՄԻԱՎ-ով ապրող անձի հետ, որի դեպքում կարող էր վարակվել, կարող է ստանալ հետկոնտակտային կանխարգելում։ Դրա համար կոնտակտին հաջորդող 72 ժամվա ընթացքում անհրաժեշտ է դիմել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար է նաեւ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելումը։
Մասնագետները կարեւորում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում հասարակության իրազեկվածությունն ու խարանի, խտրականության բացառումը ՄԻԱՎ ունեցող անձանց հանդեպ՝ հիշեցնելով, որ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: