Գյումրիում այսօրվանից մեկնարկել է քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող պաշտոնակատարների թեկնածուների քարոզչությունը:
Ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Գյումրու փրայմըրիզին կմասնակցեն յոթ թեկնածուներ՝ Լեւոն Անանյանը, ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի աշխատակցուհի Էմմա Բարսեղյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակով անցած՝ նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը, վարչապետի կնոջ ազգական, Գյումրու քաղաքապետի նախկին տեղակալ Վահագն Մկրտչյանը եւ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով, ըստ ՔՊ-ի, պետք է առանց փրայմըրիզի լիներ իշխանության առաջադրած թեկնածուն:
Նշենք, որ վարչապետի հայտարարած ցանկից դուրս են մնացել Արտյոմ Թումանյանը եւ Դավիթ Քալաշյանը:
Առաջադրվողների մեջ կան մարդիկ, որոնց անուններն անգամ ծանոթ չեն գյումրեցիներին:
Մինչ թեկնածուները կզբաղվեն քարոզչությամբ, քաղաքում դեռ ոչ ոք չգիտի՝ ինչպես, որտեղ, երբ, ինչ մեթոդով է արտահայտելու իր կարծիքը:
Նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: «Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- ասել է վարչապետը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։