Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայում վերսկսված հակամարտությունը։
Զրույցից հետո Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է. «Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ թեեւ Թուրքիան շարունակում է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, նա միեւնույն ժամանակ ձգտում է Սիրիայում արդարության եւ կայուն իրավիճակի հաստատմանը»։
Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պայքարել Թուրքիայում եւ ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։
Կրեմլի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ նախագահ Պուտինը Էրդողանի հետ զրույցում ընդգծել է «սիրիական պետության դեմ արմատական խմբավորումների ահաբեկչական ագրեսիայի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը եւ ընդգծել է ամբողջ երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը վերականգնելու՝ օրինական իշխանությունների ջանքերին լիարժեք աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես օգտագործելով տարածաշրջանում Անկարայի առկա հնարավորությունները»։
ՌԴ նախագահները նաեւ նշել են այս հարցում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ հետագա սերտ համակարգման կարեւորությունը, ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Սիրիական հակակառավարական ռազմականացված խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից եւ որոշ երկրներում ներառված են ահաբեկչական կազմավորումների ցուցակում, նոյեմբերի 27-ին լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Արդեն նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը շարունակված մարտերի հետեւանքով ապստամբական ստորաբաժանումներին հաջողվեց հասնել Հալեպի մատույցներ եւ ներթափանցել քաղաք։ Դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքի մեծ մասի գրավման մասին։
Ավելի ուշ սոցիալական ցանցերում տեղեկություններ հաղորդվեցին նաեւ այն մասին, որ ապստամբները կարողացել են հասնել Համա քաղաքի հյուսիսային արվարձաններ եւ հարակից շրջաններ, ինչը սիրիական բանակը հերքեց։
Reuters-ը, հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներից ստացված տեղեկությանը, հայտնում է, որ հարձակման համար «կանաչ լույսը» վառել է ապստամբներին աջակցող Թուրքիան։
Ռազմական գործողությունների մեկնարկին հաջորդող երեք օրվա ընթացքում Անկարան ձեռնպահ էր մնացել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ տալուց։ Միայն ուրբաթ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան ներգրավված չէ Հալեպի նահանգում ընթացող ռազմական գործողություններում, սակայն անվտանգության որոշակի միջոցառումներ է նախաձեռնում։
«Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ […] Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»,- ասել էր Ֆիդանը, որին մեջբերում է Yeni Şafak թերթը։