Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Հաագա կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 3-ին հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի միանալու մասին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստանալով կոալիցիայի բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը՝ Հայաստանը դարձել է կոալիցիայի 42-րդ անդամը։
Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։
«Սա եւս մեկ հանգրվան է, որն արտացոլում է Հայաստանի հաստատակամ նվիրվածությունը հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցման առաջմղմանը՝ ներառյալ առցանց հարթակներում»,- ասվում է հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Նիդերլանդների ԱԳ նախարար Վելդկամպն էլ իր գրառման մեջ նշել է, որ «սա արտացոլում է Հայաստանի ամուր հանձնառությունը՝ խթանելու եւ պաշտպանելու մարդու իրավունքներն առցանց տիրույթում: Ես ողջունում եմ Հայաստանի այս քայլը»։
Հայաստանի անդամակցության կապակցությամբ «Ազատություն առցանց կոալիցիայի» հրապարակած հաղորդագրության մեջ էլ ընդգծվում է, որ վերջին տարիներին Հայաստանը ցուցաբերել է հանձնառություն՝ պաշտպանելու եւ խթանելու մարդու իրավունքները համացանցում թե՛ ներպետական նախաձեռնություններով, թե՛ միջազգային տարբեր կազմակերպություններում ակտիվ մասնակցության եւ գործակցության միջոցով։