Երեւանում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այսօր առավոտյան Ֆեյսբուքում այդ մասին հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ նախօրեին Երեւանի հասարակական տրանսպորտը սպասարկող վարորդները գործադուլ էին հայտարարել՝ քաղաքապետարանից պահանջելով 100-150 հազար դրամով բարձրացնել աշխատավարձերը, որը, ըստ նրանց պնդումների, քաղաքային իշխանությունների նախնական խոստումն էր։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել էր, որ որեւէ տեսակի շանտաժի չեն տրվելու, զիջումների չեն գնալու։
«Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,- հավելել էր Ավինյանը։
Երեւանի քաղաքապետի այս հայտարարությունից հետո աշխատանքից ազատվեցին 18 վարորդներ։
«Ազատության» փոխանցմամբ՝ քաղաքային իշխանությունները պնդում են, որ վարորդների գործադուլի հետեւում իրենց կողմից սկսված ստվերի դեմ պայքարն է։ Վարորդների գործադուլից մեկ ամիս առաջ քաղաքապետարանն արգելել էր ուղեւորներից առձեռն գումար վերցնել։ Բացի այդ՝ պարբերաբար ստվերից դուրս եկած միլիոնավոր դրամների մասին էին հայտարարում՝ առանց հստակ նշելու՝ արդյոք այդ գումարները վարորդներն էին գրպանում։