Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ «Տոբուրո դեմոկրատական կուսակցությունը», երկրի նախագահ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու վերաբերյալ առաջարկ են ներկայացրել խորհրդարան, հայտնում է Yonhap գործակալությունը։
Իմփիչմենթի գործընթաց սկսելու առաջարկին կողմ են քվեարկել բոլոր վեց ընդդիմադիր կուսակցությունների 191 պատգամավորները: Քննարկումներին չէին մասնակցել իշխող «Ժողովրդական ուժ» կուսակցության պատգամավորները։
Սպասվում է, որ նախագահի պաշտոնանկության մասին օրինագիծը լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի դեկտեմբերի 5-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին կամ 7-ին։
Հարավային Կորեայի ընդդիմությունը նախագահի Յուն Սոկ Յոլի դեմ իմփիչմենթի գործընթացը սկսում է վերջինիս կողմից դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն մտցնելու հաջորդ օրը:
Նախագահը ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությունը բացատրել էր նրանով, որ պատրաստվում է «վերացնելու հյուսիսկորեական նողկալի հակապետական ուժերին», որոնք, իր պնդմամբ, ներթափանցել են երկրի ընդդիմության շարքեր։ Հայտարարությունից կարճ ժամանակ անց հարավկորեական բանակի ստորաբաժանումները սկսել էին շրջապատել խորհրդարանի շենքը։ Սակայն պատգամավորները կարողացել էին ներթափանցել խորհրդարան եւ դեմ քվեարկել արտակարգ դրություն հաստատելու մասին նախագահի որոշմանը։
Արդեն գիշերը արտակարգ դրությունը չեղարկելու մասին որոշումը հաստատեց նաեւ Հարավային Կորեայի նախարարների կաբինետը։