Վրաստանում Լիտվայի եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները եւ Լատվիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դարիուս Վիտկաուսկասը, Մարգե Մարդիսալու-Կահարին եւ Լոլիտա Լենկեւիչը դեկտեմբերի 3-ին կանչվել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ):
Ըստ ԱԳՆ-ի՝ հանդիպմանը մտահոգություն է արտահայտվել Բալթյան երեք երկրների՝ Վրաստանի կառավարության ղեկավարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հայտարարության առնչությամբ։
Հիշյալ երկրներն օրերս հայտարարեցին, որ վիզային պատժամիջոցներ են սահմանել նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի եւ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ։
ԱԳՆ-ում դեսպաններին ասել են, որ «այդ քայլը չի համապատասխանում երկրների գործընկերային հարաբերությունների օրակարգին»։
ԱԳՆ-ն նշել է՝ Վրաստանը «հավատարիմ է միջազգային նորմերին, եւ Վրաստանի պետական մարմինները գործում են Սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան՝ երկրում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար»։
«Ինքնիշխան պետության ինստիտուտների գործունեության վրա ազդելուն ուղղված հայտարարություններն անընդունելի են, ընկալվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին»,- հանդիպմանն ասվել է դեսպաններին։
Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ կողմերը կվերադառնան երկրների ավանդաբար գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին։
Նորայր Միսկարյան