Իսրայելն այլեւս տարբերություն չի դնի «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ուժերի եւ Լիբանանի միջեւ, եթե այնտեղ խախտվեն հրադադարի համաձայնագրի պայմանները։ Այս նախազգուշացումն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հյուսիսային սահման կատարած այցի ժամանակ։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք հրադադարի համաձայնագրի շրջանակում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար եւ կցուցաբերենք առավելագույն պատասխան եւ զրոյական հանդուրժողականություն [այս համաձայնագիրը խախտելու փորձերի դեպքում]»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը։ Նա նաեւ նշել է, որ նախօրեին «Հեզբոլլահը» խախտել է հրադադարը, որին իսրայելական բանակը կոշտ պատասխան է տվել։
Կացի կարծիքով՝ լիբանանյան իշխանությունները պետք է «լիբանանյան բանակին թույլատրեն, որպեսզի վերջինս կատարի հրադադարի համաձայնագրի իր մասը՝ «Հեզբոլլահին» Լիտանի գետից այն կողմ պահելու եւ նրա բոլոր ենթակառուցվածքները վերացնելու համար»։
«Եթե չանեն, եւ այս ամբողջ համաձայնագիրը տապալվի, իրականությունը շատ պարզ կլինի։ Առաջին հերթին, եթե մենք վերադառնանք պատերազմին, ապա կոշտ կլինենք, մենք կխորանանք [լիբանանյան տարածք], եւ ամենակարեւորը, որ նրանք պետք է իմանան, այն է, որ լիբանանյան պետության համար այլեւս բացառություններ չեն լինի։ Եթե մինչ այժմ մենք Լիբանանի պետության եւ «Հեզբոլլահի» միջեւ, ընդհանուր առմամբ Բեյրութի եւ դրա Դահիայա թաղամասի միջեւ տարբերություն էինք դնում, որտեղ շատ ուժեղ հարվածներ էինք հասցնում, ապա դա այլեւս չի լինի»,- հայտարարել է Կացը։
Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 04:00-ին, ԱՄՆ-ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրեական պետության եւ «Հեզբոլլահի» միջեւ կնքված համաձայնագրերը նախատեսում են 60 օրվա ընթացքում լիբանանյան բանակի եւ պետական անվտանգության ուժերի կողմից հանրապետության հարավային տարածքներում վերահսկողության վերականգնում։ Սրան զուգահեռ իսրայելական բանակը պետք է աստիճանաբար դուրս բերվի Լիբանանից։
Դրանից հետո իսրայելական բանակը բազմիցս է հայտարարել «Հեզբոլլահի» կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին։
Հրադադարի համաձայնագրից հետո դեկտեմբերի 2-ին առաջին անգամ «Հեզբոլլահը» ընդունեց, որ գնդակոծել է Իսրայելի տարածքը՝ երկու հրթիռ արձակելով Դով լեռան ուղղությամբ։ Նշվում էր, որ դա եղել է իսրայելական բանակի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների պատասխանը։
Իսրայելը դա անվանել է հրադադարի կոպիտ խախտում եւ ավիահարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» մի քանի հենակետերի։