Գազայի հատվածում հակամարտությունը գրեթե ավարտվել է, կողմերին մնում է միայն պատանդների փոխանակում կատարել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արաբական եւ մերձավորարեւելյան հարցերով ավագ խորհրդականի թեկնածու Մասադ Բուլոսը։
«Պատերազմը [Գազայի հատվածում] գրեթե ավարտված է, լայնածավալ ռազմական գործողություններ այլեւս գործնականում չկան»,- ասել է նա ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։ Իրավիճակը կարգավորելու համար «մնում է միայն պատանդների հարցը»,- նշել է Բուլոսը:
«Համաձայնագրի հիմնական դրույթները որոշված են, եւ մնում են միայն չնչին մանրամասներ հաստատել՝ կապված որոշ անունների, ազատ արձակվածների թվի եւ ժամկետների հետ, որոնցում պետք է տեղի ունենա [պատանդների] փոխանակումը»,- ասել է Թրամփի ապագա խորհրդականը։
Նրա խոսքով՝ արդեն կազմվել է փոխանակման գործողությունների ծրագիր, որը կիրականացվի մեկ-երկու ամսվա ընթացքում՝ հրադադարի շրջանակում։ Բուլոսն ընդգծել է, որ հակամարտության կողմերն արդեն «համաձայնության են եկել համաձայնագրի հիմնական կետերի շուրջ»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին Թրամփը «դաժան հաշվեհարդարով» էր սպառնացել Գազայի հատվածում պատանդներին պահելու պատասխանատուներին, եթե հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, եւ նրանց վերադարձը չկայանա մինչեւ իր երդմնակալությունը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ գործող նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ չի կարող երաշխավորել, որ Գազայի հատվածում հրադադարի եւ պատանդների վերադարձի մասին գործարքը կկնքվի ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք։
Նոյեմբերի 27-ին AFP-ն հաղորդել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսում, Կատարում եւ Թուրքիայի միջնորդներին տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի պատրաստակամության մասին: