ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը Հայաստանի չմասնակցելը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա։ Սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են Հայաստանի նկատմամբ»,- ասել է Տասմագամբետովը «Россия Сегодня» մեդիա խմբի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության լիարժեք աշխատանքային գործընթացին, եւ որ այդ մասով ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի առարկություն չկա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չմասնակցեց։
Մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։