Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Վերադարձի կետ՝ Հայրենիք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։
Հեղինակը լուսանկարիչ Քսենյա Յակուտովիչն է: Նա միջազգային հեղինակավոր մրցույթներում՝ Հունգարիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, բազմիցս է ներկայացրել Հայաստանն իր տեսարժան վայրերով, յուրահատուկ մարդկանցով, կերպարներով: Միջազգային ժյուրին միշտ է նրան արժանացրել բարձր գնահատականի եւ հաղթողի կոչման:
«Հայ եմ,- այսպես է իրեն ներկայացնում Քսենյա Յակուտովիչը,- մայրս ուկրաինուհի է, անուն-ազգանունս էլ տատիկիցս եմ վերցրել»:
Քսենյան Գյումրիում է ծնվել, մեծացել: 15 տարեկանում ընտանիքի հետ մեկնել է արտերկիր: «Հայրենիքից հեռու լինելն ինձ չխանգարեց, որ ամեն օր ներսումս պահեմ, փայփայեմ վերադարձի միտքը»,- պատմում է Քսենյան: Լուսանկարչուհին անկեղծանում է՝ ֆիզիկապես հայրենիքում չէր, բայց հոգով միշտ է այստեղ եղել:
Երբ զգացել է, որ հայրենիք վերադառնալու պահը հասունացել է, ընտանիքի հետ առանց հետ նայելու եկել է հոգու կանչին ընդառաջ. էլ հետ չի գնալու:
Քսենյայի տեսախցիկը հայրենիքում ամեն պահը որսում, պատմություն է դարձնում: Ասում է՝ լուսանկարելն այսօր դժվար ու անհասանելի բան չէ, ամեն մարդ կարող է իր ձեռքի հեռախոսով պահը ֆիքսել, գեղեցիկ կադր ստանալ, բայց թե որքանով կհաջողվի պատկերով խոսել ու խոսեցնել, գաղտնիքն այդտեղ է թաքնված: Որպեսզի լուսանկարներով խոսի մարդկանց հետ, Քսենյային շատ է օգնել մասնագիտությունը. «Հոգեբան լինելն ինձ օգնում է առանց անմիջական շփման խոսելու այն մարդու հետ, ով նայում է իմ արած լուսանկարին»:
Քսենյայի օբյեկտիվը ֆիքսում է հայրենի բնության պատկերները, հայ մարդուն եւ այն ամենն, ինչ հայկական է ու հայեցի: «Ցանկանում եմ, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները իմ ֆոտոներին նայելիս կա՛մ ցանկանան վերադառնալ, կա՛մ այնտեղ չկորցնեն իրենց սերն առ հայրենիք»,- ասում է լուսանկարչուհին:
Հայաստանում մնալու, ստեղծագործելու որոշումը հաստատ է, բայց սահմանափակվել միայն գյումրեցի հանդիսատեսի համար ստեղծագործելով, Քսենյան չի պատրաստվում: Շատ շուտով «Վերադարձի կետ՝ Հայրենիք» ցուցահանդեսը կբացվի նաեւ Վանաձորում, այնուհետեւ՝ Երեւանում:
Գյումրեցի ուսանողուհի Անահիտ Դեմիրճյանը Քսենյա Յակուտովիչին չի ճանաչել, իմացել է ցուցահանդեսի մասին, եկել: «Ֆոտոներից հայրենիքի շունչն եմ զգում: Հեղինակին անձամբ չեմ ճանաչում, բայց լուռ խոսեցի հետը: Նրան հաջողվել է հայրենիքի կանչը տպավորիչ կերպով փոխանցել մարդկանց»,- տպավորված պատմում է Անահիտը:
Գյումրեցի գործարար Արտուշ Եղիազարյանն ասում է՝ ցուցահանդեսը քաղաքին նոր գույն, նոր գեղեցկություն է բերել: Կարևորում է, որ հատկապես այս օրերին քաղաքում մշակութային շունչը թեւածի:
Արտուշը նույնպես արտասահմանում. Շվեյցարիայում է ապրել որոշ ժամանակ, բայց վերադարձել է հայրենիք, հիմնել իրենց տեսակի մեջ եզակի բիզնեսներ:
«Ի՞նչն է արտերկրի հարմարավետ կյանքից մարդուն կտրում, հետ բերում» հարցին Արտուշը պատասխանում է՝ սերը: «Գալիս է մի օր, երբ դրսի լավագույն փորձը, կուտակած գիտելիքը հայրենիք բերելու, հարազատ երկրին ծառայեցնելու մեծ ցանկություն է առաջանում: Ոչինչ չի մնում, քան տուն վերադառնալն ու ունեցածդ հայրենիքիդ փոխանցելը»,- ասում է գործարարը եւ գոհունակություն հայտնում Քսենյայի ցուցահանդեսից:
Նշենք, որ «Վերադարձի կետ՝ Հայրենիք» ցուցահանդեսը Գյումրիում բաց կլինի մինչեւ հունվարի 12-ը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։