Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Սվենյա Շուլցեն արձագանքել է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու Վրաստանի կառավարության որոշմանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ զարգացման նախարարությունը վերանայում է Վրաստանի կառավարության հետ առկա բոլոր համագործակցությունները։
«Վրաստանի հետ ոչ մի նոր ծրագրի խոստում չի լինելու կամ իրականացվելու, ոչ էլ վարկային համաձայնագրեր են ստորագրվելու: Մենք մեզ իրավունք ենք վերապահում միջոցներ ձեռնարկելու՝ խորհրդակցելով մեր եվրոպացի եւ միջազգային գործընկերների հետ»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշվում է, որ մինչ այժմ Վրաստանի հետ համագործակցությունը նպատակաուղղված էր երկիրն ավելի մոտեցնելու Եվրամիությանը եւ տնտեսական զարգացմանը։
Նշվում է՝ այս որոշմամբ Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելափակում է իր քաղաքացիների համար եվրոպական ապագայի հնարավորությունը.
«Վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն: Ամեն օր Թբիլիսիում եւ այլ քաղաքներում մարդիկ դուրս են գալիս փողոց, քանի որ ցանկանում են ունենալ եվրոպական, կոսմոպոլիտ Վրաստան. Վրաստանի Սահմանադրության մեջ կա Եվրամիության հետ մերձեցման արձանագրություն: Զարգացման նախարարությունը մինչ այժմ աջակցել է Վրաստանի եվրոպական ուղուն։ Վրաստանի կառավարության հետ այս համագործակցությունն այլեւս չի իրականացվի։ Այդ հանձնառությունը կարող է շարունակվել ապագայում, որտեղ այն կամրապնդի երկրի եվրոպական կապերը»,- ասել է Շուլցը:
Նորայր Միսկարյան