Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանի ընդհանուր հատվածի նկարագրությունը։ Այդ մասին հայտնում է Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Բատկեն քաղաքում տեղի է ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի կառավարական պատվիրակությունների համանախագահներ Կամչիբեկ Տաշիեւի եւ Սայմումին Յաթիմովի հանդիպումը Ղրղզստանի ու Տաջիկստանի պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հարցով։ Հանդիպման ընթացքում կառավարությունների պատվիրակությունների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել եւ ամբողջությամբ ավարտել Ղրղզստանի եւ Տաջիկականի պետական սահմանի մնացած հատվածների նկարագրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Տաշիեւը եւ Յաթիմովը սահմանագծման եւ սահմանազատման հարցերով կառավարական պատվիրակությունների աշխատանքային խմբերին հանձնարարել են «սկսել Ղրղզստանի եւ Տաջիկստանի պետական սահմանի սահմանազատման վերջնական փաստաթղթերի մշակման գործընթացը»։
Ղրղզստանի եւ Տաջիկստանի պետական սահմանի երկարությունը 987 կմ է։ Պետական սահմանազատման շուրջ բանակցությունները կողմերը վարում են 2002 թվականից։ Այս խնդրի չկարգավորված լինելու հանգամանքը երկու հանրապետությունների սահմանային շրջանների բնակիչների եւ զինվորականների մասնակցությամբ բազմիցս է հանգեցրել բախումների, որոնց ընթացքում հաճախ կիրառվել են նաեւ հրազեն եւ հրետանի։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի սկզբին։ Այդ ժամանակ ղրղըզական կողմից զոհերի թիվը հասել էր շուրջ 60 -ի։