Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Երեկ լրատվամիջոցներում պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, ելույթներ ունեցան հաշմանդամություն ունեցողների խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված՝ պետության ձեռնարկած քայլերի վերաբերյալ։ Այսուամենայնիվ, փաստ է՝ հաշմանդամություն ունեցողների կյանքի որակը մնում է ցածր, սոցիալական խնդիրների մեծ մասը՝ չլուծված։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականին հրապարակած տվյալների՝ աշխարհում ավելի քան 1,3 միլիարդ մարդ (կամ յուրաքանչյուր վեցերորդը) հաշմանդամության ունի։ Սովորաբար հաշմանդամություն ունեցող անձանց կրթական մակարդակն ավելի ցածր է, տնտեսական հնարավորությունները` սուղ, աղքատության մակարդակը` բարձր:
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի միջին տեւողությունը շուրջ 20 տարով ավելի կարճ է։ Նրանք տարբեր հիվանդությունների զարգացման ավելի մեծ ռիսկ եւ ավելի շատ սահմանափակումներ ունեն առօրյա գործունեության մեջ, քան բնակչության մնացած մասը:
Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում երկու անգամ ավելի է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը (դեպրեսիա, ասթմա շաքարային դիաբետ, ինսուլտ, գիրություն կամ ճարպակալում):
Հաշմանդամություն ունեցող անձանց համար, հաշմանդամություն չունեցողների համեմատ, 15 անգամ ավելի դժվար է օգտվել մատչելի տրանսպորտից:
2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան (CRPD): Դրա նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից լիարժեքորեն եւ հավասարապես օգտվելու հնարավորությունը։ Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2010 թվականին։
Անկախ այդ կոնվենցիայի առկայությունից, աշխարհի տարբեր երկրներում մշակված եւ ընդունված օրենքներից՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները երբեմն խախտվում են։ Հաշմանդամությունը մեծացնում է նրանց կախվածությունն այլ անձանցից` իրավունքների իրացման տեսանկյունից: Նրանք ֆիզիկական բռնության ենթարկվելու բարձր ռիսկի խմբում են, բացի այդ՝ արտակարգ իրավիճակներում հաճախ պատշաճ մարդասիրական օգնություն չեն ստանում։
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի միջին տեւողությունը շուրջ 20 տարով ավելի կարճ է, նրանք տարբեր հիվանդությունների զարգացման ավելի մեծ ռիսկ եւ ավելի շատ սահմանափակումներ ունեն առօրյա գործունեության մեջ, քան բնակչության մնացած մասը: Հաշմանդամություն ունեցող անձանց մոտ երկու անգամ ավելի մեծ է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են դեպրեսիան, ասթման, շաքարային դիաբետը, ինսուլտը, գիրությունը կամ ճարպակալումը:
Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2021 թվականին հրապարակած տվյալների՝ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը գրեթե 240 միլիոն է: Հաշմանդամություն ունեցող տասը երեխայից առնվազն մեկը բախվում է մի շարք զրկանքների։ Զեկույցը ներառում է 42 երկրի միջազգայնորեն համադրելի տվյալներ եւ երեխաների բարեկեցության ավելի քան 60 ցուցիչ՝ սնուցումից եւ առողջությունից մինչեւ ջրի եւ սանիտարական պայմանների հասանելիություն, բռնությունից եւ շահագործումից մինչեւ պաշտպանություն եւ կրթություն: Հաշմանդամություն ունեցող երեխաներն ամենից հաճախ զրկվում են կրթության իրավունքից բազմաթիվ գործոնների պատճառով՝ մատչելիությունից եւ խտրական վերաբերմունքից մինչեւ մասնագետների եւ մասնագիտացված ուսումնական նյութերի բացակայություն:
Վիճակագրությունը Հայաստանում
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 173 856 մարդ, որից 83 396-ը կանայք են, իսկ 7642-ը (4.4%)՝ մինչեւ 18 տարեկան երեխաներ: Ընդհանուր թվի 50%-ից ավելին` 91 097-ը, կենսաթոշակային եւ ավելի բարձր տարիքի անձինք են: Հաշմանդամության պատճառ դարձած հիվանդությունների շարքում առաջին տեղում են չարորակ նորագոյացությունները, հաջորդը` արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Երրորդ տեղում են նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունները, այնուհետեւ՝ ոսկրամկանային համակարգի եւ շարակցական հյուսվածքների հիվանդությունները, ապա՝ հոգեկան եւ վարքի խանգարումները։
Լսողության խնդիրներ ունեցողները կազմում են 2, տեսողության խնդիրներ ունեցողները՝ 7, մտավոր կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները՝ 8, հենաշարժողական խնդիրներ ունեցողները՝ 27, իսկ քրոնիկ հիվանդություն ունեցողները՝ 56 տոկոսը։
Մեր երկրում հաշմանդամություն ունեցողների թիվը մշտապես տատանվել է ընդհանուր բնակչության 5-6,5 տոկոսի միջակայքում։ Հաշմանդամություն ունեցող անձանցից 27,5-28 տոկոսը յուրաքանչյուր տարի համապատասխան բուժզննություն է անցնում։ Սովորաբար նրանց 94 տոկոսը նորից հաշմանդամության որեւէ խմբում է ներառվում։
Հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու իրավունքն ապահովելու նպատակով 2024 թվականից ներդրվեց անձնական օգնականի ծառայությունը։ Միջոցառման շրջանակում ծառայություն են ստանում հենաշարժական, տեսողության եւ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող սովորող կամ աշխատող 15 տարին լրացած անձինք։ Ցավոք, օգտվելու այնպիսի պայմաններ են սահմանվել, որ մարդիկ խուսափում են այդ ծառայությունից։ Հիմնական պատճառն այն է, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացին չի կարող ընտրել իր անձնական օգնականին։ Այս ծրագրի շրջանակում ծառայություն է ստանում ընդամենը 100 շահառու։
Հաշմանդամություն ունեցողների խնդիրները
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ ցավոք, չի կարելի ասել, թե հաշմանդամություն ունեցողների կյանքի որակը վերջին տարիներին բարելավվել է։ Մոտ 9 հազար արցախցի էլ բռնի տեղահանվեց, եւ շատերը չկարողացան իրենց հետ սայլակներ կամ այլ անհրաժեշտ պարագաներ վերցնել․ հիմա նրանք ծանր խնդիրների առջեւ են կանգնած։
Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն աշխատանքի եւ զբաղվածության հավասար իրավունքներ։ «Սոցիալական խնդիրները լուծելու կարեւոր բանալիներից մեկը աշխատանք ունենալն է։ Հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը, անկասկած, կարող է աշխատել, սակայն այդ մարդիկ աշխատանքով ապահովված չեն»,- ասում է Արմեն Ալավերդյանը՝ շեշտելով, որ պետությունը անհրաժեշտ գործուն քայլեր չի ձեռնարկում այս խնդրի լուծման համար։
Խոսելով մատչելիության մասին՝ Արմեն Ալավերդյանն ասում է՝ բարեբախտաբար, մայրաքաղաքում նոր գնված բոլոր ավտոբուսներն ունեն թեքահարթակներ․ այդ խնդիրը աստիճանաբար լուծվում է, իսկ շենք-շինությունները, մայթերը, գետնանցումները հիմնականում կա՛մ չունեն թեքահարթակներ, կա՛մ դրանք այնքան անհարմար են, որ օգտվել հնարավոր չէ, քանի որ ասես ձեւականորեն են կառուցվել։ Չկան գործող մեխանիզմներ, որոնք կառուցապատողներին կպարտադրեն դրանք ապահովել նորմալ թեքահարթակներով։ Մատչելիության համար նաեւ այլ հարմարություններ պետք է լինեն լսողական, տեսողական, մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար։ Այդ հարմարությունները, ցավոք, հաճախ չեն լինում։ Օրինակ՝ ճանապարհը հատելիս լուսացույցից զատ պետք է նաեւ ձայնային ազդանշան լինի, որպեսզի նաեւ տեսողական խնդիրներ ունեցողները կարողանան օգտվել հետիոտնային անցումից, բայց այդ ազդանշանը հնչեցնող սարքերը հաճախ բացակայում են:
«Հաշմանդամություն ունեցողները չեն կարողանում ամբողջությամբ իրացնել նաեւ կրթություն ստանալու իրավունքը։ Ներառական կրթության վերաբերյալ ամեն ինչ թղթի վրա գրված է, բայց իրականությունն այլ է․ մատչելիության խնդիր կա, կրթական ծրագրերում եւս չլուծված հարցեր կան։ Օժանդակող ուսուցիչների պակաս կա․․․ Բարձրագույն կրթության ոլորտում է՛լ ավելի դանդաղ են քայլեր արվում դեպի ներառականություն»,- ասում է Արմեն Ալավերդյանը։
Հաշմանդամություն ունեցողների նկատմամբ խտրական վերաբերմունքը եւս առանձնապես չի նվազել։ Հատկապես գործատուների մեծ մասը խտրականորեն, թերահավատորեն է վերաբերվում հաշմանդամություն ունեցողներին՝ ըստ էության չգնահատելով այդ մարդկանց հմտություններն ու պոտենցիալը։
«Օրինակ՝ հաշմանդամություն ունեցողը ստանում է 30-40 հազար դրամ նպաստ։ Ակնհայտ է, որ այն չի համապատասխանում սպառողական զամբյուղին։ Եթե կան մարդիկ, որոնք հակառակն են պնդում, ուրեմն նրանք այդքան էլ ազնիվ չեն։ Եթե մարդը միայնակ ապրի, սոցիալապես նրան որեւէ մեկը չաջակցի, նա ինչպե՞ս կկարողանա 30-40 հազար դրամով գոյատեւել։ Թո՛ղ իրենք փորձեն այդչափ գումարով մեկ ամիս ապրել։ Կկարողանա՞ն արդյոք»,- հռետորական հարց է ուղղում Արմեն Ալավերդյանը։
Ըստ նրա՝ այս խնդիրները լուծելու, հաշմանդամություն ունեցողների կյանքի որակը բարձրացնելու համար պետությունը պետք է գործնականում իրականացվող, արդյունավետ քաղաքականություն մշակի։ Քանի դեռ այդ քաղաքականությունը չի մշակվել, այս ոլորտին առնչվող կնճռոտ խնդիրները մնալու են չլուծված։
Հոգեբան Արփինե Դավթյանը Արցախյան քառօրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամի կարգավիճակ ստացած տղաների հետ է աշխատել՝ որպես կամավոր հոգեբան։ Ավելի ուշ աշխատել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ում՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելով հաշմանդամություն ունեցող երեխաներին։
Հոգեբանը մանրամասնում է՝ հաշմանդամություն ունեցողի միակ առողջական խնդիրը ֆիզիկականը չէ, սովորաբար նա ունենում է նաեւ հոգեբանական խնդիրներ։ Ուստի ե՛ւ երեխաների, ե՛ւ մեծահասակների պարագայում շատ կարեւոր է հոգեբանական աջակցություն ստանալը։ Նա վստահ է՝ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար ստեղծեր հնարավորություն՝ հոգեբանական աջակցություն ստանալու, դա, միանշանակ, որոշակիորեն կբարձրացներ այդ անձանց կյանքի որակը։
«Ավելին՝ երբեմն հոգեկան առողջության խնդիրներ են ունենում նաեւ հաշմանդամություն ունեցողների ընտանիքի անդամները։ Հետեւաբար շատ կարեւոր է նրանց եւս հոգեբանական աջակցություն ցուցաբերելը»,- ասում է հոգեբանը։
Նա հիշեցնում է՝ մեր հասարակության մեջ կան կարծրատիպեր, որոնցից պետք է ձերբազատվել։ Մարդիկ պիտի հասկանան, որ բոլորս հավասար ենք, ունենք հավասար իրավունքներ։
«Հաշմանդամություն ունեցող անձը պետք է կարողանա մյուսների պես ինքնուրույն մտնել շենք, սուպերմարկետ կամ այլ շինություն, տրանսպորտ․․․ Այս ամենը պիտի քաջ գիտակցեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ մասնավոր ընկերությունները, երբ, օրինակ, ինչ-որ շենք են կառուցում կամ որեւէ ծառայություն մատուցում։ Երբ այս բոլոր հարմարությունները լինեն, հաշմանդամություն ունեցողը ոչ միայն ֆիզիկապես անհարմարություն չի զգա, այլեւ չի նյարդայնանա, հոգեբանորեն չի ճնշվի եւ կկարողանա ինքնուրույն ավելի շատ բան անել, իրացնել իր իրավունքները։ Սրա մասին պետք է մտածեն ե՛ւ պատկան մարմինները, ե՛ւ անհատները»,- եզրափակում է հոգեբանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։