Հայաստանը ՀԱՊԿ-ի ընդունած որոշումների վրա վետո չի դնում, քանի որ իրեն համարում է կառույցից դուրս։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի այն դիտարկմանը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրեր առաջ հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի որ այդ ընթացքում Հայաստանի վրա հարձակում չէր եղել։
Ընդգծելով, որ 2021 եւ 2022 թվականներին Հայաստանը ենթարկվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիային, եւ դրանում Երեւանի դիրքորոշումը հստակ է, Փաշինյանը շեշտեց՝ «ագրեսիա եղել է այն բանից հետո, երբ այդ հարցը քննարկել ենք դաշնակիցների հետ», եւ նկատել, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ։
«Այդ ժամանակ մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ Հայաստանի Հանրապետության սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Երբ ոտնձգությունը տեղի ունեցավ, մենք ասել ենք՝ հարգելի գործընկերներ, այն կարմիր գիծը, որ դուք ասում էիք, հատվել է, որից հետո իրենք ասել են, որ գիտեք, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ։ Այստեղ էլ մենք ասել ենք՝ բա այս դեպքում ո՞րն է այն կարմիր գիծը, ցույց տվեք Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Իրենք դա մեզ ցույց չեն տվել։ Եվ իմ արձագանքը հրապարակային ասել եմ, որ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի եւ այդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի»,- ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նաեւ նշեց, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցությունը սառեցնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի թեման Երեւանը ընդհանրապես չի շոշափել։ Վաչապետի բացատրության համաձայն՝ ՀԱՊԿ-ի մասնակցության սառեցումը ենթադրում է փաստաթղթերի կազմման գործընթացներին մասնակցության բացակայություն, դրանց քննարկումներին մասնակցելուց եւ առաջարկներ ներկայացնելուց հրաժարում։
«Մենք պարզապես վետո չենք դնում որեւէ փաստաթղթի վրա, որովհետեւ, ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, եւ իրենք ինչ ուզում են, թող որոշեն։ Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, դա էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ։ Բայց էլի եմ ասում, այդ թվում այս իրադարձությունների տարբերությունը եւ դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասեմ անհնար են դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ, որ այստեղ անդառնալիության կետն անցել ենք»,- ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին էր հայտարարել, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։