Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը դեկտեմբերի 4-ին կազմակերպել էր մոտ երեք տասնյակ փորձագետների, հասարակական գործիչների ճանաչողական այց Տավուշի մարզի սահմանազատված, սահմանագծված հատվածներ եւ պաշտպանության ամրացված շրջաններ:
Սրանք մեր երկրի այն անկյուններն են, որ գիտեմ հատուկ մանրամասնություններով, քանի որ իմ ապրելու տարածքն է, եւ ամեն անգամ գյուղ-Երեւան ճանապարհին տեսնում եմ, դիտարկում մոտ հեռավորությունից: Այդուհանդերձ, ինձ համար էլ շատ օգտակար էր, քանի որ այցն ուղեկցվում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի ու պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչների հանգամանալից բացատրություններով եւ հարցեր տալու հնարավորությամբ: Ներկա էր նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Կիրանցի նորակառույց դպրոցում, որը Տավուշ-Ղազախ հատվածում 4 գյուղերի վերադարձից հետո հենց սահմանի պռնկին է, Գրիգորյանն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատուն ներկայացրին սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, իսկ պաշտպանության նախարարության տեղի պատասխանատուն՝ ամրացված շրջաններում կատարվող աշխատանքը:
Մեր առաջին կանգառը Կիրանց գյուղի ամրացված շրջանն էր: Գրեթե բոլորի մեջ այն հարցն էր, թե մենք կարող էինք 2020-ին այսպես չպարտվել, եթե 1994-ից շփման գծի երկայնքով ու Հայաստան-Ադրբեջան շրջաններում ունենայինք այսպիսի ամրացված կառույցներ: Հարցը, հավանաբար, հռետորական է եւ ուշացած: Մենք սարսափելի պարտություն ենք կրել, եւ պետք է ներկա իրողությունները հաշվի առնելով դասեր քաղել եւ առաջ շարժվել:
Կիրանցից ուղեւորվեցինք Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ապա՝ սահմանի Բաղանիսի փշալարված հատված:
Ադրբեջանին 4 գյուղերի վերադարձից հետո քիչ գրվեց կամ գրեթե չգրվեց, որ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում եւ Ներքին Ոսկեպար գյուղերը, որոնք Նոյեմբերյան-Երեւան միջպետական ճանապարհի վրա են, կիսվել են: Այսինքն՝ ադրբեջանական գյուղերի մեծ հատվածներ սահմանազատումից հետո մնացել են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Այս իրականությունն ընդունելը բացարձակապես չի նշանակում մոռացության տալ մեկ այլ իրականություն, այն է՝ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սպառնալիքի տակ Հայաստանը ստիպված եղավ առանց կրակոցի պաշտպանության մեր դիրքերը մի քանի հարյուր մետրով հետ բերել, որի հետեւանքով Ադրբեջանին անցան 1990-ից ի վեր մեր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական Բաղանիս-Այրում եւ Ներքին Ոսկեպար գյուղերը մասամբ, Կիրանցի հարեւանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղն ամբողջությամբ եւ մի քանի տասնյակ հեկտար մշակելի հողատարածքներ ու Կիրանցի կամուրջը, ինչպես նաեւ՝ չեզոք գոտում գտնվող, Բերքաբերին կից Կըզըլ Հաջիլի բնակավայրը:
Բաղանիս-Ոսկեպար հատվածից խումբը մեկնեց Կայանավանի ամրացված շրջան, որտեղ աշխատանքները ավարտական փուլում են: Այստեղից մեր առաջ բացվում են Աղստաֆայի ջրամբարն ու Ջաֆառլու գյուղը:
Ընդհանուր առմամբ, Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում համեմատաբար խաղաղ իրավիճակ է: Մի քանի տասնյակ եւ հարյուր մետրի վրա, մոտ 20 կիլոմետր երկարությամբ, որից 12,6 կիլոմետրը՝ սահմանազատված-սահմանագծված, միմյանց դեմ կանգնած են հայ եւ ադրբեջանցի սահմանապահները: Սա, իհարկե, Հայաստան-Ադրբեջան մոտ 1000 կիլոմետր ընդհանուր սահմանի չնչին եւ Տավուշ-Ղազախ/Աղստաֆա/Թովուզ հատվածի փոքր մասն է միայն:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։