Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) ճնշող մեծամասնությամբ անվստահություն է հայտնել վարչապետ Միշել Բառնիեի գլխավորած կառավարությանը։ Այդ մասին հայտնում է Le Figaro-ն։
Այս որոշմանը կողմ է քվեարկել 331 պատգամավոր, մինչդեռ բավարար կարող էր լինել 289 կողմ քվեն։
Անվստահության քվեի պատճառով վարչապետն ու կառավարությունը հրաժարական կտան։ Բառնիեն կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում, քանի դեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընտրել նրան փոխարինողին։
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին հարցը քվեարկության էին դրել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի պատգամավորները եւ «Ազգային միասնություն» ծայրահեղ աջ կուսակցության ներկայացուցիչները։
Կառավարությանն անվստահություն հայտնելու պատճառ էր դարձել առանց խորհրդարանի հետ համաձայնեցնելու հաջորդ տարվա բյուջեն հաստատելու մասին Բառնիեի որոշումը։
Ինչպես նշում է RFI-ի ռուսական ծառայությունը, Բառնիեն խորհրդարանական կուսակցությունների հետ բանակցությունների ընթացքում մի շարք զիջումների է գնացել ծախսերի եւ հարկերի հարցում՝ հույս ունենալով, որ պատգամավորների մեծամասնությունը կաջակցի բյուջետային օրենքների քվեարկության ժամանակ։ Սակայն նա, ի վերջո, չկարողացավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ։ Դեկտեմբերի 2-ին վարչապետը որոշել է բյուջեն հաստատելու համար կիրառել Սահմանադրությամբ նախատեսված հատուկ ընթացակարգ։ Այն թույլ է տալիս բյուջեի մասին օրենքը հաստատել կառավարության առաջարկած նախնական տարբերակով՝ առանց խորհրդարանում քննարկման կամ քվեարկության:
Մինչ այս Ֆրանսիայի Ազգային ժողովին միայն մեկ անգամ էր հաջողվել արձակել կառավարությունը։ Դա տեղի էր ունեցել 1962 թվականին, երբ պատգամավորները քվեարկել էին Ժորժ Պոմպիդուի գլխավորած կառավարությանը անվստահություն հայտնելու օգտին։ Միեւնույն ժամանակ, Ազգային ժողովում կառավարության վստահության հարցի վերաբերյալ քվեարկությունն ինքնին բացառիկ բան չէ, նշում է RFI-ն։ 1958 թվականից այն անցկացվել է ավելի քան 130 անգամ։
Հիշեցնենք՝ 73-ամյա աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցության անդամ Միշել Բառնիեին Մակրոնը վարչապետ էր նշանակել սեպտեմբերի 5-ին։ Իր քաղաքական գործունեության ընթացքում նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Եվրամիության կառույցներում։ 2016-2019 թվականներին նա եղել է ԵՄ-ից դուրս գալու հարցով Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ գլխավոր բանակցողը։
The Guardian-ը գրում է, որ Բառնիեն ստիպված է եղել կառավարություն ձեւավորել «արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետեւանքով երկու ամիս տեւած քաղաքական փակուղուց հետո»։
Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները հայտարարվել էին, երբ ծայրահեղ աջերը՝ Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցության գլխավորությամբ, հաղթեցին Եվրախորհրդարանի ընտրություններում։