Մալթայում ընթացող ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարներ Մակա Բոչորիշվիլիի եւ Մուրատ Նուրտլեուի հետ:
ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` Բոչորիշվիլին եւ Միրզոյանը հանդիպման ընթացքում վերահաստատել են այս տարվա հունվարին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հռչակված ռազմավարական գործընկերության շրջանակում սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը։ Այն միտված է երկու հարեւան երկրների ժողովուրդների բարեկեցության եւ տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Տարածաշրջանային հարցերի քննարկման շրջանակում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները եւ ընդգծել, որ Երեւանը պատրաստակամ է ավարտին հասցնելու երկկողմ պայմանագրի համաձայնեցումը եւ առանց արհեստական ձգձգման ստորագրման աշխատանքները։
Ղազախստանի գործընկերոջ հետ հանդիպմանն էլ Միրզոյանը քննարկել է երկրների միջեւ երկկողմ օրակարգի ընդլայնման եւ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Տարածաշրջանային հարցերի քննարկման ընթացքում ՀՀ արտգործնախարարն ընդգծել է տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչպես նաեւ հաղորդակցության ուղիների ցանցի ընդլայնման կարեւորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին եւ դրա իրականացման պարագայում ընձեռվող հնարավորություններին։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` արտգործնախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու հարցում Երեւանի դիրքորոշումը։