ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառելու Վրաստանի իշխանությունների նկատմամբ՝ կապված երկրի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման որոշման դեմ բողոքող ցուցարարներին հետապնդելու հետ։ Բլինքենի հայտարարությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում դեկտեմբերի 4-ին։
«Միացյալ Նահանգները համերաշխ է Վրաստանի ժողովրդի եւ նրա ժողովրդավարական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, ներառյալ նրանք, ովքեր ճնշում են Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքները, պատասխանատվության կենթարկվեն։ Ի լրումն նախապես հայտարարված երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է օգտագործելու մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները»,-ասվում է հայտարարության տեքստում։
Դրանում նշվում է, որ Վաշինգտոնը խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցությանը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ընդդիմության նկատմամբ «դաժան եւ չարդարացված բռնության» համար։ ԱՄՆ-ը կոչ է արել «Վրացական երազանքին» դադարեցնել «ռեպրեսիվ մարտավարությունը՝ ներառյալ կամայական կալանավորումը եւ ֆիզիկական բռնությունը»։
Վաշինգտոնը Թբիլիսիից նաեւ պահանջել է ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալվածներին եւ պատասխանատվության ենթարկել ապօրինի ուժ կիրառողներին:
Հիշեցնենք՝ Վրաստանում բողոքի ցույցերը մեկնարկեցին նոյեմբերի 28-ին, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր չէ Եվրամիության հետ բանակցությունների հարցը օրակարգ բերելու մինչեւ 2028 թվականը։
Կոբախիձեի նման որոշման դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արդեն մի քանի օր է, ինչ հատուկ միջոցներ է կիրառում։ Բերման է ենթարկվել ավելի քան 300 մարդ։ Նախօրեին էլ վրացական ոստիկանությունը խուզարկություններ էր սկսել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։
Նշենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու պատճառով Բալթյան երկրները դեկտեմբերի 2-ին պատժամիջոցներ էին սահմանել «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի եւ Վրաստանի ՆԳՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։