Նոյեմբերի վերջին օրերին Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի կենտրոնական շրջաններն անակնկալ կերպով անցան Սիրիայի ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ:
Սիրիայի Իդլիբ քաղաքն իրենց գլխավոր կենտրոնը դարձրած եւ «Ալ Նուսրա ճակատ» խմբավորման մնացորդը համարվող «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ն է այն գլխավոր ուժը, որ կարողացավ հաշված ժամերի ընթացքում թափանցել Հալեպի խորքերը։ Զինյալների այս արշավը Բաշշար Ասադի կառավարության դեմ է, Հալեպից բացի նաեւ այլ բնակավայրեր են գրավել եւ առաջ են շարժվում՝ նպատակ ունենալով ավելի ու ավելի շատ շրջանների տիրելու եւ Սիրիայում ստեղծելու իրենց օրենքներով պետություն:
Սիրիայի կառավարական բանակը, որ առաջին իսկ տպավորությամբ պատրաստ չէր դիմակայելու նման գրոհի, շատ արագ լքել է իր դիրքերը եւ անցել իշխանության տիրապետության տակ գտնվող շրջաններ:
Ուշագրավն այս ամեն ինչի մեջ, անշուշտ, «թայմինգ»-ն էր։ Գրոհը կատարվեց Իսրայել-Լիբանան պատերազմի հրադադարից ժամեր անց: «Սադ ալ ադուան» («Ետ մղենք թշնամական նկրտումները») կարգախոսով սիրիական այս գրոհը տարածաշրջանային եւ միջազգային ուժերի ուշադրությունն այս անգամ ի՛ր վրա հրավիրեց:
Հիբրիդային պատերազմ է Սիրիայում, որը գրավել է նաեւ լրատվամիջոցների գլխավոր լուրերի սյունակները. ԶԼՄ-ները, դեպքերին անդրադառնալով, Աբու Մուհամեդ ալ Ջուլանիին համարում են զինյալների գլխավոր հրամանատարը։
«Ալ Ջազիրա» կայանն այս օրերին սփռեց Ջուլանիի հետ հարցազրույց, որում նա, խոսելով գրոհի մասին, ասում էր, թե մարտերը շարունակվելու են մինչեւ մայրաքաղաք Դամասկոս, մինչեւ երկրի նախագահ Բաշշար Ասադի պաշտոնանկ լինելը։
Այսօր Հալեպը գրաված «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը ահաբեկչական խմբավորումների մեջ ամենաուժեղն է համարվում. նրա արմատները սերում են «Իսլամական պետություն»-ից, եւ ինքն էլ՝ Ջուլանին, «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավատարիմ զինյալներից մեկն է եղել: Ջուլանիի կողմնակիցները նրան պատկերացնում են իբրեւ Հալեպի հաջորդ տիրակալ… Ժամեր առաջ Աբու Մուհամեդ ալ Ջուլանին հասավ Հալեպ, եւ նրա ժամանումը շատ բան է նշանակում… Այս առաջնորդը, «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի առաջնորդ լինելուց բացի, հավակնում է դառնալու ամբողջ Սիրիայի ընդդիմության առաջնորդը: Նա այս պահին դեպքերի ամենակարեւոր խաղացողներից մեկն է:
Հալեպի այս տեսակի անկումը (եթե այն կարելի է անկում համարել) ենթադրությունների, վերլուծումների ալիք ծնեց, զարգացումներն այնքան արագ ընթացան, որ ամենուրեք լսվեց (նույնիսկ Հալեպի հայկական որոշ շրջանակներ էին խոսում այդ մասին), թե եղածն ինչ-որ համաձայնությունների հետեւանք է։
Չմոռանանք, որ Լիբանանում հայտարարված զինադադարին զուգահեռ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թեւերը քշտելով եւ բավական ջղայնացած ոճով իր մատներն ուղղեց Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին՝ նրան «կարգի հրավիրելով»:
«Հալեպի գրավումը համաձայնեցված էր» բնաբանով վարկածների մեջ գերիշխող է ռուս-թուրքական համաձայնության վարկածը, որում գլխավորը Թուրքիայի նկրտումներն են: Վարկածները բազմապիսի եւ գունեղ են: Այս հարցում առաջինը քննարկվում են Սիրիա-Թուրքիա հարաբերություններն ու նաեւ՝ Իրանի ձեռքերը «կոտրել»-ը, եւ այդ քննարկումները պատահական չեն: Եթե հաշվի նստենք վերջին տարիների դեպքերի հետ, ապա կտեսնենք, որ Իսրայելի գլխավոր եւ գերագույն խնդիրն էր կտրել ցամաքային բոլոր ճանապարհները, որոնք համարվում էին լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զենքի մատակարարման ճանապարհներ։
Այդ ճանապարհները, գաղտնիք չէ, սկսվում են Իրանից, անցնում Իրաք, որից հետո՝ Սիրիա, ապա՝ Լիբանան: Այդ ճանապարհներին Իսրայելը անցնող տարիներին հարյուրավոր օդային գրոհներ է կատարել՝ թիրախ դարձնելով ոչ միայն զենք փոխադրող շարասյուները, զինապահեստները, այլեւ նույնիսկ իրանցի ռազմական մասնագետների նստավայրերը:
Ստեղծված դրությունն ավելի լավ հասկանալու համար պետք է նկատի ունենալ նաեւ, որ Իսրայելին տված ժամանակը կարճացել է, այն ավարտվում է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն մուտք գործելով, հետեւաբար ռազմական գործողությունները պետք է շատ արագ եւ կանոնավոր լինեին:
Չմոռանանք, անշուշտ, որ 2016 թվականի ազատագրումից հետո Հալեպը շարունակեց մնալ վիրավոր քաղաք։ Սոցիալական, տնտեսական տագնապները հաջորդեցին միմյանց, եւ Սիրիայի իշխանությունները չկարողացան բուժել Հալեպի վերքերը։ Հաշվի առնելով Սիրիայի բանակի ընդհանուր վարքը Հալեպում՝ հստակ էր դառնում, որ Սիրիայի բանակը չկարողացավ վերակազմակերպվել, ինչի պատճառով էլ Սիրիայի իշխանությունները Հալեպի ազատագրության հարցում այն ժամանակ մեծ հաշվով ապավինեցին դաշնակից ուժերի նեցուկին։
Ռուսական օդուժի կողքին կարեւոր դեր ունեցան Լիբանանի «Հեզբոլլահ»-ը, իրանյան մի շարք ջոկատներ, ինչպես նաեւ՝ Իրաքից եւ նույնիսկ Պակիստանից Սիրիա հասած կռվողների խմբեր, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով հեռացել են Սիրիայից։
Վերադառնալով Հալեպի գրավման օրագրությանը՝ տեսնում ենք, որ առաջին տեսանյութերը տարածեց «Ալ Հադաս» կայանը՝ սփռելով տեսանյութ «Սահդ ալ Ժաբիրի» հրապարակից, որ համարվում է Հալեպի «սիրտ»-ը։ Երկրորդ կարեւոր պատկերները ցույց էին տալիս Հալեպի պատմական բերդը, որտեղ ծածանվում էր Թուրքիայի դրոշը, եւ խորհրդանշական այդ արարքով զինյալները, առանց երկար-բարակ բացատրությունների, իրենց հավատարմությունն էին փորձում նորոգել:
Ռազմական գրոհի առաջին օրերի զոհերի մասին տարաբնույթ տեղեկատվություն կա. ընդդիմադիր աղբյուրները հաղորդում են, որ Սիրիայի բանակն առաջին օրը 300 զոհ է տվել, իսկ պետական աղբյուրները հաղորդում են, որ ընդդիմադիր ավելի քան 600 զինյալ է սպանվել:
Այս գրոհին առնչվող քաղաքական պատկերը նույնպես հարցեր է ծնում:
Գլխավոր հարցն այն է, թե արդյոք Մոսկվան «ձեռքերը լվաց Ասադ»-ից։ Բնականաբար հեշտ է աջ ու ձախ մեղադրանքներ նետելը, սակայն փաստ է, որ ստեղծված իրավիճակի ամենամեծ պատասխանատվությունը Սիրիայի իշխանությունների վրա է: Ամեն ինչ փոխկապակցված է, անհնար է հարցերը կամ դեպքերի ընթացքը մասնատել կամ եղածները առանձին-առանձին վերաշարադրել, բայց ակնհայտ է, որ սիրիական իշխանության ամենամեծ վրիպումն այն եղավ, որ Բաշշար Ասադը մերժեց Էրդողանի հետ նստելու Մոսկվայի հորդորը:
Մյուս կողմից՝ Ասադը վստահեցումներ ուներ, որ ռազմական գործողություններ սկսելու դեպքում ռուսական կողմի նեցուկն է ունենալու, բայց իրականությունը այլ եղավ:
Պատրաստվո՞ւմ է իշխանությունը ազատագրելու Հալեպը: Պաշտոնական Դամասկոսի աղբյուրները խոսում են հակագրոհ պատրաստելու մասին, սակայն անցնող ամեն մեկ օրվա հետ ազատագրության հույսերն ավելի են նոսրանում…
Հալեպում այսօր ազատորեն շրջում են իսլամիստ զինյալները, որոնք, մտնելով շենք առ շենք (նաեւ հայաբնակ թաղամասերում), իրենց օգնությունն են առաջարկում. եթե իրենց առջեւ բացվում են տների դռները, արաբական հացի տրցակներ են նվիրում: Հայերին հաց եւ դրամական օգնություն են բաժանում նաեւ Հալեպի «Արամ Մանուկյան» ժողովրդային տան մեջ:
Հայկական կյանքը գրեթե սառած է Հալեպում, փակ են կրթական եւ մյուս հաստատությունները: Թեմի առաջնորդ Մակար արք. Աշգարյանը ձայնային պատգամ է տարածել՝ հալեպահայերին հորդորելով ամուր մնալ իրենց տեղերում, չընկրկել ու հավատալ, որ Հալեպի երկնքի վրա գոյացած այս մոխրագույն ամպերը նույնպես շուտով հեռանալու են: Առաջնորդարանը երեկվանից մի քանի ժամով բացում է իր դռները՝ ընդունելով հայերին եւ լսելով նրանց կարիքների մասին:
Այսպես, կրկին մշուշի քողով է պատվել Հալեպի հայոց պատմությունը: Հալեպահայերի հազարավոր զավակներ արդեն իսկ այնտեղ չեն, ապրում են հեռու երկրներում՝ հեռվից երանությամբ հիշելով քաղաքի անցյալի պատմության փայլուն էջերը:
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։