ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այդ մասին հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին եւ հեռանկարներին առնչվող հարցերին:
Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, եւ քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին հունական Enikos հարթակը գրել էր, որ Աթենքը դիտարկում է իր զինանոցում առկա С-300, «ТОР-М1» եւ «Оса-АКМ» ՀՕՊ համակարգերը փոխանցել Հայաստանին։
Enikos-ը գրել էր, որ նման զինատեսակները Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային փոխանցելու փոխարեն դրանք Հայաստան ուղարկելը ռազմավարական ընտրություն է Աթենքի համար բազմաթիվ պատճառներով։ Դա առաջին հերթին պայմանավորված է դաշնակցային շատ սերտ կապերով, նորագույն պատմության մեջ ունեցած բազմաթիվ ընդհանրություններով, ինչպես նաեւ ընդհանուր կրոնական համոզմունքներով։ Բացի այդ՝ ուժեղ Հայաստանը հակակշիռ կարող է լինել Հունաստանի հետ հակասություններ ունեցող Թուրքիային, որն էլ իր հերթին բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանին, նշել է հարթակը։