Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարաել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հետ եւ գործնական քայլեր ձեռնարկի նրանց վերադարձի իրավունքը վերականգնելու համար։
«Չափազանց կարեւոր է, որ միջազգային հանրությունը աջակցի Արեւմտյան Ադրբեջան համայնքի անդամների խաղաղ նախաձեռնություններին՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ապահովելու նրանց հայրենի հողեր վերադառնալու իրավունքը։ Այս նախաձեռնությունները, որոնք հիմնված են «Վերադարձի հայեցակարգի» վրա, մեծապես կնպաստեն արեւմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին»,- հայտարարել է Ալիեւը «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» II միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում։
Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Երեւանը նաեւ պետք է թույլտվություն տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը, որպեսզի վերջին մշտադիտարկումն անցկացնի, իր պնդմամբ, ադրբեջանցիներին պատկանող «պատմամշակութային ժառանգության ոչնչացման եւ աղավաղման հետ կապված իրավիճակը վերահսկելու եւ այդ ոլորտում համագործակցելու համար»։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարատեւ խաղաղության հաստատման հարցին՝ Ալիեւը հայտարարել է, որ դրա համար որպես խոչընդոտներ շարունակում են մնալ ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն ու արագ զինվելու գործընթացը։