Ավելի քան 50 օր է, ինչ գրեթե ոչ մի մթերք Գազայի հատվածի հյուսիս չի հասել։ Այդ մասին հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Անտուան Ռենարը, որի ելույթի տեսագրությունը հրապարակվել է X-ի իր էջում։
Տեսագրության մեջ նա ընդգծում է, որ Գազայում ավերածությունների եւ սովի մակարդակը հասել է ամենավատ ցուցանիշին, քան երբեւէ արձանագրվել է:
«Մարդիկ այլեւս չեն կարողանում գլուխ հանել ստեղծված իրավիճակից։ Մթերք գրեթե չի հասնում, իսկ շուկաները դատարկ են։ Նոյեմբերին Պարենի համաշխարհային ծրագրից պարենային օգնություն է ստացել մոտ 815 հազար մարդ, այսինքն՝ դրա կարիքն ունեցողների հազիվ կեսը»,- ասել է Ռենարը։
Նրա գնահատականներով՝ այժմ Պաղեստինում սննդի սուր պակաս ունի շուրջ 2,2 միլիոն մարդ։